Տպել
06.02.2007
Քննարկվեցին դատական համակարգի բարեփոխումները

Ազգային ժողովը փետրվարի 6-ին, «Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին» օրենքի նախագծի քննարկմամբ, շարունակեց քառօրյայի աշխատանքը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, այս օրինագծի նկատմամբ ցուցաբերվել է անփույթ մոտեցում: Նախագծում պետք է արտացոլվի կառավարության կազմավորման եւ հրաժարականի մեխանիզմների մանրամասն նկարագրությունը` ելնելով Սահմանադրության դրույթներից: Պրն. Թորոսյանի գնահատմամբ, սակայն, արվել է ճիշտ հակառակը. սահմանադրական նորմերը մասնակիորեն են տեղայնացվել նախագծում, բաց է թողնված, օրինակ, վարչապետին նշանակելու գործընթացում խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցության մասը: Աժ նախագահն ասում է, որ նախագիծն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե Սահմանադրությունը ոչ թե բարելավվել է, այլներդրվել են առավել վատ մեխանիզմներ: Նախատեսվում է, որ Սահմանադրության որոշ դրույթներուժի մեջ են մտնելու խորհրդարանական ընտրություններից հետո, ասում է խորհրդարանի ղեկավարը եւ ընդգծում այդ դրույթները լիարժեք կենսագործելու կարեւորությունը: ԱԺ նախագահն այս տեսքով նախագծի ընդունումն անթույլատրելի է համարում հատկապես ընտրություններց երեք ամիս առաջ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը` Տիգրան Թորոսյանն առաջարկեց թերի նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ` երկրորդ ընթերցման ժամանակ բացերը լրացնելու պայմանով: ՄԱԿ խմբակցության ղեկավարն էլ գտնում է, որ ներկայացված նախագծում պետք է հստակ ձեւակերպվեն կառավարության անդամի` քաղաքացիությանն առնչվող պայմանները: Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը պատրաստակամություն հայտնեց երկրորդ ընթերցման ներկայացնել Սահմանադրության դրույթներին առավել համահունչ օրինագիծ` հաշվի առնելով հնչած դիտողությունները:

    Փոխնախարարը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց մեկ այլ` « ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որ հստակեցնում է քաղաքացիական պատասխանատվության, մասնավորապես` վնասի փոխհատուցման դեպքերը: Անկախ սեփականատիրոջ մեղքի առկայությունից` նախատեսվում է, որ գույքի օգտագործման ընթացքում այլ անձանց եւ գույքին պատճառված վնասի հատուցման պարտավորությունը պետք է կրի գույքի սեփականատերը: Համանման դրույթ է ամրագրված նաեւ կենդանիների պատճառած վնասի համար. պատասխանատուն կրկին սեփականատերն է: Անբարեխիղճ գովազդի հետեւանքով պատճառված վնասը, ըստ նախագծի, փոխհատուցում է գովազդատուն:Անչափահաս երեխայի խնամքը, դաստիարակությունը ստանձնած անձն է կրում խնամակալի գործողությունների արդյունքում կամ մեղքով պատճառված վնասը, եթե անգամ նա օժտված չէ ծնողական իրավազորությամբ: ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը նախագիծը դրական է գնահատել: Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւս կարծում է, որ պատասխանատվության սահմանումներն առավել հստակ են դարձել` փոխհատուցումների նոր դեպքերի ավելացմամբ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեցՀՀ դատական օրենսգրքի նախագիծը` «Զինապարտության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ միասին, ինչպես նաեւ` «ՀՀ դատականօրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրինագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունից եւ խորհրդարանից ստացված առաջարկները բազմաթիվ են:Էական տարբերություններ կան նախնական տարբերակի համեմատությամբ: Լրամշակված նախագծով նախատեսված է ոչ թե չորս, այլ` երեք մասնագիտացված դատարան. հանվել է սնանկության դատարանը: Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պարագայում, կգործեն մասնագիտացված քրեական, քաղացիական եւ վարչական դատարաններ: Վերանայվել է նաեւ դատավորների թվաքանակը, ինչպես նաեւ թույատրելի նվերի առավելագույն չափը: Ավելացվել է դրույթ, ըստ որի քրեորեն հետապնդելի արարք է բնորոշվում դատավորի գործունեությանը միջամտելը` առանց օրենքով նախատեսված կարգի: Պետական ծառայողների համար այդօրինակ միջամտությունը կարող է հանգեցնել պաշտոնից ազատման, նախատեսում է նախագիծը: Նախորդ քննարկումների ժամանակ վիճահարույց էր դատավորի ձերբակալությանը վերաբերող դրույթը: Նախարարն առաջարկում է նոր ձեւակերպում. դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո:Այս եւ այլ դրույթների կիրառմանժամանակացույցն ու կարգը սահմանվել է առանձին օրինագծով, որը նույնպես ներկայացվեց պատգամավորներին: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանն ընդունելի է համարում ներկայացված նախագծերը, թեեւ կարծում է, որ դեռ կան թերություններ:Նա նշեց, որ շատ քիչ երկրներում է կիրառվում դատական օրենսգիրք, եւ Հայաստանում այն բացառիկ է լինելու` իր համակողմանիությամբ: Օրենսգրքի 3-րդ հոդվածը, ըստ հիմնական զեկուցողի, պետք է ընդունել նախ առաջին ընթերցմամբ: Փաստաթղթում կարտացոլվի նաեւ Գուրգեն Արսենյանի առաջարկը` դատավորի ապաքաղաքականացվածության մասին հոդվածում քաղաքական «չեզոքության» մասին ամրագրելով:

«Դատախազության մասին» օրենքի եւ համապատասխան երեք օրենքներում փոփոխությունների նախագծերից կազմված փաթեթով կառավարությունը նպատակ ունի ներդնել դատախազության նոր համակարգ:Նախագծում այն ներկայացված է որպես միասնական համակարգ, որը ղեկավարելու է գլխավոր դատախազը: Խորհրդարանում այդ մասին տեղեկացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Համակարգը կազմված է լինելու գլխավոր, ինչպես նաեւ Երեւան քաղաքի դատախազություններից, մայրաքաղաքի տարածքային, ինչպես նաեւ մարզային դատախազություններց, զինվորական կենտրոնական դատախազությունից եւ կայազորներիզինվորական դատախազությունների ց: Առանձին հոդված է նախատեսված դատախազի ինքնուրույնության մասին: Դատախազության պաշտոնյայի աշխատավարձի դրույքաչափերին վերաբերող մասը կառավարարությունն առայժմ հանում է քննարկման փուլից: Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 7-ի նիստում:

Խորհրդարանի քառօրյա նիստերի երկրորդ օրը, ինչպես նախատեսված է ԱԺ կանոնակարգով, եզրափակվեց պատգամավորների հայտարարություններով: