Տպել
11.09.2007
ԱԺ նիստում շարունակվեց ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը
Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Անդրադառնալով նախորդ օրվանից կիսատ մնացած հարցի քննարկմանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում քննարկվել է «2006 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը», եւ իրենց ոլորտում ստացել դրական եզրակացություն:

Հաշվետվության վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ նշեց, որ  2006 թ. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գործունեության հիմնական նպատակն է եղել զինված ուժերի մարտունակ վիճակի պահպանումը՝ մարտական գործադրման համար պատրաստ եւ սարքին վիճակում սպառազինությամբ, տեխնիկայի, զինամթերքի, ռազմատեխնիկական գույքի եւ նյութական պաշարների անհրաժեշտ քանակությամբ: ՀՀ 2006 թ. պետական բյուջեից այդ նպատակի իրականացմանն ուղղված խնդիրների լուծման համար նախատեսվել է 75.299,9 մլն դրամ, որի նկատմամբ փաստացի հատկացումները կազմել են 100%: Դրանց 82,7%-ը ուղղվել են ընթացիկ, իսկ 17,3%-ը` կապիտալ ծախսերին: 2005 թ.-ի նկատմամբ նշված հատկացումներն աճել են 10.812,4 մլն դրամով կամ 16,7%-ով, որի 60,4%-ը ուղղվել է ընթացիկ, իսկ 39,6%-ը կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: 2006 թ. բյուջեի հատկացումների հաշվին իրականացվել են կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման, զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց բուժօգնության եւ  փորձաքննության գծով պետպատվերի իրականացման աշխատանքներ, այլ բժշկական ծառայություններ: Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների բուժսպասարկումը քաղաքացիական բուժհաստատություններում կազմակերպելու համար բյուջեից հատկացվել է 250.000.000 դրամ: Զգալի առաջընթաց կա բնակարանաշինության ոլորտում. մինչեւ 2006 թ. շահագործման է հանձնվել 242 բնակարան, որոնք հիմնականում կառուցվել են 1999-2000 թթ.:   Բնակարանաշինությանը հատկացված 3.985.000.000 դրամով շահագործման է հանձնվել 491 բնակարան: 2006 թ.-ին   բնակարան ձեռք բերելու համար 315 զոհված եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների հատկացվել է բյուջեով նախատեսված 1.789.000.000 դրամ գումար` 2005թ.-ին այդ ուղղությամբ ծախսված 789,2 մլն-ի փոխարեն: 2007 թ.-ին նախատեսված է 3.000.000.000 դրամ եւ հետագայում այս գործառույթը շարունակական բնույթ կունենա:

Բյուջետային միջոցների հաշվին դրամական օգնություն է տրվել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ զինծառայողների 8286 ընտանիքների` մոտ 135 մլն դրամի չափով: Նախարարը նշեց, որ ՀՀ զինված ուժերը մարտունակ են եւ պատրաստ կատարելու առաջադրված մարտական խնդիրները:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ներկայացնելով ոլորտի 2006 թվականի ֆինանսական հատկացումները, նշեց, որ 2005 թվականի համեմատ նկատելի առաջընթաց է գրանցվել. 2,5 անգամ ավելացել են հատկացվող գումարները, առաջիկա տարում  եւս ավելացումներ են սպասվում:  2006 թվականին ավելի քան 1 մլն մարդ պետպատվերի շրջանակներում օգտվել է անվճար բուժօգնությունից, ավելացել են բուժաշխատողների աշխատավարձերը: Բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածության նպատակով  ձեռք են բերվել 172 միավոր բուժսարքավորումներ, որի 60 տոկոսն ուղարկվել է մարզային բուժհիմնարկներ, 40 տոկոսով համալրվել են մայրաքաղաքի բուժհաստատությունները: Պարոն Քուշկյանը նշեց, որ 2006 թվականին    կարեւորվել են մոր եւ մանկան առողջությանը վերաբերող ծրագրերը, որոնք 100 տոկոսով ֆինանսավորվել են եւ իրականացվել:

Սոցիալական ապահովության եւ աշխատանքի նախարար Աղվան Վարդանյանն անդրադառնալով իր ղեկավարած ոլորտների ֆինանսավորման եւ բյուջեի կատարման արդյունքներին` հատկանշական համարեց, որ դրանք տարեցտարի ավելանում են: 2006 թվականին սոցիալական ապահովության եւ աշխատանքի ոլորտների ծախսերը նախորդ տարվա համեմատ 10,9 տոկոսով ավելացել են, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Իրականացվել է 41 ծրագիր, դրանց կատարողականը կազմել է 99,6 տոկոս: 24,3 մլրդ դրամ կազմել է նախարարության ամենամեծ` ընտանեկան նպաստների ծրագիրը, որը 4,6 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա հատկացումից: Աշխատանքի զբաղվածության ոլորտում  հիմնական ծրագրերից մեկը  եղել են վարձատրվող հասարակական աշխատանքները, այդ գծով 330 համայնքներում իրականացվել են 509 ծրագրեր, դրանց կատարողականը կազմել է 96,2 տոկոսը, ինչը նախորդ տարվա կատարողականից ավելի է 13,7 տոկոսով: Եթե զբաղվածության ոլորտի ծրագրերը 2005-ին կատարվել էին 71,6 տոկոսով, ապա 2006 թվականին դրա  կատարողականը կազմել է 95,4 տոկոս:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադառնալով իր ղեկավարած ոլորտների ֆինանսավորման եւ ծրագրերի կատարման արդյունքներին, նշեց, որ 2006 թվականին էապես մեծացել են կրթության ոլորտին ուղղված ֆինանսական հատկացումները, ինչը հնարավորություն է տալիս կրթության որակը բարձրացնել եւ մոտեցնել եվրոպական չափանիշներին: Ըստ նախարարի, 2006 թվականը պետք է դիտարկել որպես կրթության զարգացման նախադրյալների ստեղծման տարի. 2007-2008 թվականները կլինեն կրթության որակի ապահովման տարիներ: 12-ամյա կրթության համակարգին անցումը արդեն իսկ բարձրացրել է հանրակրթության դերը, առաջիկայում կներդրվի «Ավագ դպրոց» համակարգը: Նախարարը տեղեկացրեց, որ 2006 թվականին հաստատվել է գիտության հայեցակարգը, իսկ առաջիկա դեկտեմբերին կներկայացվի «Կրթության մասին» օրենքի նախագիծը:

Հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցող պատգամավորների դիրքորոշումները տարբեր էին, եղան եւ դեմ, եւ կողմ ելույթներ:

«Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու հաշվետվությանը. կողմ կքվեարկեն ՀՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, «Օրինաց երկիր» խմբակցությունը ձեռնպահ է լինելու:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` նշելով, որ պատգամավորների որոշ հարցադրումների  անպայման պետք է անդրադառնա.   «Առաջինը` այս ամբիոնից խոսվում է բյուջետային կարգապահության ապահովության մասին: Պիտի ասեմ, որ երեւի մարդիկ ինչ-որ բան խառնել են, որովհետեւ բյուջետային կարգապահությունը անցած   4, 5 տարիների համար եղել է բացարձակապես անխոցելի: Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե ինչու՞ ենք   հիմա քննարկում, ոչ թե մայիսին կամ հունիսին: Ես ճիշտն ասած մտածում էի, որ կարիք չկա մեր գործընկերներից ոմանց հիշեցնել, որ մայիսի 12-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Եւ այդ պատճառով` եւ այս, եւ մի շարք այլ հաշվետվություններ, բնականաբար, տեղափոխվել են նորընտիր խորհրդարանի օրակարգ:   Բայց մեկ բանի համար պետք է շնորհակալություն հայտնեմ. վրիպակ կար, ամսի նշման հետ կապված: Կարող եք մի քանի այլ փաստաթղթեր նայելով տեսնել, որ նույն օրը, ապրիլի վերջին կառավարության կողմից ներկայացվել է բյուջեի կատարման հաշվետվությունը, նույն օրն իսկ փաստաթուղթը դրվել է շրջանառության մեջ: Ինչ վերաբերում է մտահոգություններին. իհարկե, մտահոգություններ կան: Ես էլի պիտի հիշեցնեմ. մեր մի շարք գործընկերներ արտահերթ նստաշրջանի ժամանակ հղումներ էին անում կառավարության գործունեության ծրագրին, որ մենք հաստատեցինք հունիսին: Իսկապես, եւ շատ ճիշտ հղումներ էին անում: Բայց պիտի հիշեցնեմ, որ այնտեղ նշված են բազմաթիվ չլուծված հարցեր: Եւ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության անընդունելի մակարդակը, եւ դրա  լուծման ուղիները, եւ նշված են անհամամասնական զարգացումների հիմնախնդիրը` Երեւան-մարզեր, եւ նշված է միջին աշխատավարձ-միջին կենսաթոշակ էական խզումը, որ նույնպես շատ մտահոգիչ է: Նշված է, որ գիտության, կրթության, մշակույթի ոլորտում պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնել առաջիկայում:   Որեւէ մեկը երբեք չի մտածել եւ անհեթեթ կլիներ, որ այդպես մտածեր, որ 2006 թվականի բյուջեի կատարմամբ մեր կյանքի բոլոր խնդիրները կլուծվեն: Դժբախտաբար` ոչ: Անգամ որոշ հիմնախնդիրներ դեռեւս մեր կյանքում չեն լուծված եւ դրանց լուծումը նախատեսված է ահա այս` երկրում բարեփոխումների նոր փուլում, որը ընտրություններից հետո էր նախատեսված հասկանալի պատճառներով: Այդ թվում` նաեւ սահմանադրական փոփոխությունների պատճառով:  Բայց, բնականաբար, սա չի նշանակում, որ չպետք է տեսնենք այն, ինչ կա, եւ այն, ինչ կատարվել է: Անգամ` մտահոգիչ երեւույթները տեսնելով, տեսնելով նաեւ այդ մտահոգիչ երեւույթների հետ կապված խնդիրների լուծման մոտեցումները, որ շարադրված են կառավարության գործունեության ծրագրում:

Համախառն ներքին արդյունքի հետ կապված հարցադրումներ կան. 13,4 տոկոս եւ այլն: Այո, իհարկե:  Շատ նկատելի տարբերություն է, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ եթե 2006 թ. ՀՆԱ-ն եղել է 2657 մլրդ դրամ, ապա 2000 թ.` ընդամենը 1030 մլրդ դրամ: Այսինքն` մեր ՀՆԱ-ն 6 տարվա ընթացքում աճել է 2,5 անգամ: Սա, կարծում եմ, գոնե մտածելու կմղի մեր որոշ գործընկերների: Բյուջեի եկամուտները. երբ մենք ընդունեցինք «2006 թվականի պետական  բյուջեի մասին» օրենքը, արձանագրեցինք 372 մլրդ դրամի առաջադրանք կառավարությանը` եկամուտների առումով, եւ մենք ունենք 411 մլրդ  դրամ: Ուզում եմ հիշեցնել նույն 2000 թ. ցուցանիշները. նախանշված էր 202 մլրդ դրամ, հավաքել ենք ընդամենը 172 մլրդ դրամ: Այսինքն, բացի այն, որ  էլի 2,5 անգամ ավելի շատ, բայց, եթե 2000 թ. 30 մլրդ դրամով թերակատարվել է բյուջեի կատարումը, ապա 2006-ին ճիշտ  հակառակ պատկերն է, դեռ մի բան էլ ավելի: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, անընդունելի հարաբերակցության մասին շատ խոսվեց եւ, իհարկե, նաեւ կառավարությունն ինքն է ընդունում եւ նախանշել է դրա շտկման համակարգ, բայց մյուս կողմից, հարկերի մեջ եկամտահարկը ավելացել է նախորդ տարվա համեմատ 36 տոկոսով, շահութահարկը 40 տոկոսով: Ակնհայտ է եւս մեկ հարց, որի մասին մեր գործընկերները խոսեցին` ուղղակի եւ անուղղակի հարկերի հարաբերակցությունը: Ահա այս միտումներով կարելի է տեսնել, որ մի քանի տարվա ընթացքում կարելի է վիճակը շտկել: Բյուջեի պակասուրդը. մենք 2006-ին ունեցել ենք մոտավորապես այնքան պակասուրդ, ինչքան 2000-ին, թեեւ բյուջեն ավելացել է 2,5 անգամ: Շինանարության մասին. այս աճի հետ կապված շատ խոսվեց: Իհարկե, այդպես է: Առյուծի բաժինը հենց շինարարությանն է, բայց ուզում եմ մենք ուշադրություն դարձնենք, թե շինարարության մեջ ինչ բաղադրիչներից է այդ աճը բաղկացած: Բնակարանային շինարարությունը ընդամենը 4,5 տոկոսի մաս ունի, այն դեպքում, երբ տրանսպորտի եւ կապի հետ կապված շինարարության մասնաբաժինը 14,4 տոկոս է, արդյունաբերությանը` 17 տոկոս: Ակնհայտ է, որ այդ շինարարությունը   ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի զարգացմանը: Առեւտրային բանկերի վարկերը աճել են 25 տոկոսով, կարծեմ սա նույնպես խոսուն, ակնհայտ  ցուցանիշ է: Հարցադրում եղավ` թե մեր ժողովուրդը դա զգու՞մ է, թե՞ ոչ: Ես ասացի, որ կառավարությունը մասնավորապես նշել է անընդունելի ճեղքվածքը միջին աշխատավարձի եւ միջին թոշակի: Ակնհայտորեն սա անընդունելի է: Թեեւ էապես կրճատվել է աղքատությունը, բայց անգամ 28-29 տոկոս աղքատությունը, ես կարծում եմ, պատվաբեր չէ մեզ համար` որպես մեր հասարակությունը բնութագրող ցուցանիշ: Այո, աճը էական է, սակայն ցուցանիշը բավարար չէ, որովհետեւ ստացվում է, որ մոտ երեքից- չորրորդ մարդը մեր հասարակության մեջ աղքատ է, ինչը իսկապես պատվաբեր չէ, եւ այս ուղղությամբ պիտի աշխատենք: Բայց մյուս կողմից` չի կարելի չտեսնել, որ եթե 2000 թ. բնակչության եկամուտները 698 մլրդ էին, ապա 2006 –ին` արդեն 1722 մլրդ: Այսինքն` ոչ միայն 2000 թ. նկատմամբ է 20 տոկոս աճ արձանագրվել, այլ 2000-ի նկատմամբ 2,5 անգամ աճ: Խոսվում է արտահանման մասին. այո, իհարկե, արտահանման տեմպերը վերջին տարվա ընթացքում, ցավոք սրտի, նվազել են զգալիորեն, բայց էլի ուզում եմ համեմատենք: 2006-ին մենք ունենք 1004 մլրդ դոլարի արտահանում, իսկ մենք 2000-ին ունեցել ենք 300 մլն դոլարի արտահանում: Երեք անգամից ավելի: Ի դեպ ասեմ, որ արտահանման չափը այսօր նույնն է, ինչ արտաքին ամբողջ առեւտրաշրջանառությունը  2000 թվականին:

Սա աճ է՞, թե՞ աճ չի: Թե՞ ուղղակի թվեր են, հենց այնպես մարդիկ ասում են: Ի վերջո, անդրասառնանք միջին աշխատավարձին: 2000 թ.` 20 հազար 621 դրամ միջին աշխատավարձը: 2006 թ.` 68 հազար դրամ: Երեք անգամ ավելի: Մի՞թե սա կարելի է չտեսնել: Ուղղակի անհասկանալի է, որ կան մարդիկ, որոնք համարում են, որ ոչինչ չի փոխվել մեր կյանքում: Լավ է, իհարկե, գոհ չլինել նրանից, ինչը մեզ բոլորիս չի բավարարում, բայց չտեսնել էական փոփոխությունները, կարծում եմ, պարզապես ոչ օբյեկտիվ մոտեցման հետեւանք է: Ակնհայտ է, որ, այո, իհարկե, մեր կյանքի բոլոր խնդիրները չէ, որ 2006 թ. բյուջեն լուծում է եւ չէր էլ կարող լուծել: Բացի այն, որ 2006 թ. բյուջեն կատարվել է փաստորեն, ես կարծում եմ` մենք պետք է արձանագրենք այն էական փոփոխությունները, որ մեր կյանքում տեղի են ունեցել 2000 թ. համեմատ: Այսինքն, ընդամենը վեց տարվա ընթացքում: Տեսնենք, թե հաջորդ վեց տարիներից հետո ինչ է լինելու պատկերը, եթե անգամ աճի տեմպերը պահպանվեն այնպիսին, ինչպիսին եղել են, չնայած վստահ եմ, որ հնարավորություն կա եւ էական հնարավորություն` էլ ավելի մեծացնելու աճի տեմպերը: Ահա այս առումով համոզված եմ, որ խորհրդարանը պարտավոր է գնահատել այն կարեւոր աշխատանքը, որ կառավարությունը արել է: Ի դեպ` ուզում եմ միայն հիշեցնել, որ 2006-ը նախընտրական տարի էր: Անցած, ճիշտ է, շատերի կողմից արդեն մոռացված տարիների հետ կապված, եթե համեմատենք նախընտրական տարիներում  ցնցումները, ապա  առավեւ եւս ակնհայտ կդառնա, որ 2006 թ. բյուջեն պատվով կատարված է: Մենք պետք է կողմ քվեարկենք հաշվետվության հաստատման համար եւ, բնականաբար, կառավարության հետ ձեռնամուխ լինենք առնվազն այն խնդիրների լուծմանը, որ կառավարության գործունեության ծրագրով մեզ ներկայացվեց հունիսի սկզբին` մեր առաջին նստաշրջանի ժամանակ»:

Քննարկված հարցի  քվեարկությունը կկայանա ԱԺ առաջիկա նիստում:

Նիստի վերջին մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն` տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին: