Տպել
25.09.2007
Ազգային ժողովի Պատվո մեդալ Արկադի Ղուկասյանին

Սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովում սկիզբ դրվեց նոր ավանդույթի` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, փոխնախագահներ Վահան Հովհաննիսյանը, Իշխան Զաքարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահին` իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում` Արցախում պետականության կայացման դժվարին շրջանում, ունեցած մեծ ձեռքբերումների համար` քաղաքական, տնտեսական առումով եւ, հատկապես, ժողովրդավարության հաստատման: Նշվեց, որ այդ տարիներին ԼՂՀ-ում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման, խորհրդարանական ու նախագահական ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին, ընդունվել է երկրի Սահմանադրությունը: Պարոն Թորոսյանը կարեւորեց նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանի կուտակած փորձն ու հմտությունները` նշելով, որ թեեւ նա կարող էր առաջադրվել եւ երրորդ անգամ, բայց գերադասեց ընդունված սկզբունքներն ու չափանիշները հարգել`  եւս մեկ քայլով ամրապնդելով ժողովրդավարական գործընթացներն Արցախում: Պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն պարբերական:

ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը հրավերն Ազգային ժողով մի քիչ անսպասելի համարելով` պատրաստակամություն հայտնեց ցանկացած կարգավիճակում համագործակցել Ազգային ժողովի եւ ԱԺ մշտական հանձնաժողովների, պատվիրակությունների անդամների հետ` իր փորձն ի սպաս դնելով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացին: Կարեւորելով այս հանդիպումը` պարոն Ղուկասյանը հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն ավանդական եւ կնպաստեն, որ երկրի ղեկավարներն ու պետական բարձր պաշտոնյաները պաշտոնը թողնելուց հետո նաեւ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեն գործող պետական կառույցներին: Արկադի Ղուկասյանը գտնում է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ինքը պետք է մնա Լեռնային Ղարաբաղում, քանի որ դադարելով նախագահ լինել` չի դադարել պատասխանատվություն ու պարտականություններ ունենալ իր երկրի ու ժողովրդի առաջ:

ԱԺ  փոխնախագահներն ու մշտական հանձնաժողովների նախագահները եւս իրենց խոսքում կարեւորեցին  ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեւավորման եւ կայացման գործում, նրա փորձի ու գիտելիքների օգտագործումը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների եւ Լեռնային Ղարաբաղի կայացման գործում ունեցած ակնառու հաջողությունների համար ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին հանձնեց Ազգային ժողովի Պատվո մեդալ` այն որակելով որպես ներկա եւ ապագա հաջողությունների գնահատական, վերաբերմունք նրա գործունեության եւ ԼՂՀ-ին  նվիրվածության համար: