Տպել
03.10.2007
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում


Հոկտեմբերի 3-ին Ստրասբուրգում  ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի հետ: Հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստան կատարելիք  այցին` հանձնակատարը տեղեկացրեց, որ այցի նպատակն է զեկույց պատրաստել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: Պարոն Համերբերգը պատրաստ է համագործակցել Հայաստանում մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ: Այցի ընթացքում նա ակնկալում է լսել թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչների տեսակետները:

ԱԺ պատվիրակության անդամները ներկայացրին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրենց տեսակետները: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, կարեւորելով հանձնակատարի աշխատանքը, նշեց, որ նրա զեկույցները միշտ էլ խթան են հանդիսանում երկրում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի բարելավման համար: Միաժամանակ Դավիթ Հարությունյանը բարձրացրեց Ադրբեջանում եւ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների հարցը: Րաֆֆի Հովհաննիսյանը, կարեւորելով ազատ եւ անկախ ԶԼՄ-ների առկայությունը  Հայաստանում, նշեց, որ իրավիճակը միանշանակ չէ` էլեկտրոնային լրատվամիջոցները, ի տարբերություն տպագիր մամուլի, չեն առանձնանում բազմակարծությամբ: Մհեր Շահգելդյանը հանձնակատարի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը դիտավորյալ չի լուծում փախստականների եւ տեղահանվածների հարցը, կոպտորեն ոտնահարելով նրանց իրավունքները՝ քաղաքական շահարկումների համար նրանց վատ վիճակը օգտագործելով որպես խաղաքարտ: 

Նույն օրը ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվող «Հումանիտար ճգնաժամ Դարֆուրում» զեկույցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Րա‎ֆֆի Հովհաննիսյանը`  անընդունելի համարելով ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցանք: Այդ շրջագծում պարոն Հովհաննիսյանը դատապարտեց նաեւ հայոց ցեղասպանությունը: