Տպել
11.10.2007
Ռումինիայի պաշտպանության նախարարը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 11-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը ընդունեց Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ռումինիայի պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այս այցի ընթացքում արդեն հաստատվել է  երկու երկրների պաշտպանության ոլորտի համագործակցության ծրագիրը հաջորդ տարվա համար, որոշվել է պարբերաբար անցկացնել համատեղ քննարկումներ պաշտպանության նախարարների,  մասնագետների, փորձագետների մակարդակներով: Երկու երկրներն ունեն ընդհանուր խնդիրներ, որոնք վերաբերում են Սեւծովյան տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը, իրավական դաշտի կատարելագործման, կադրերի վերապատրաստման, տեխնիկական համագործակցության միջոցներով փոխադարձ գործնական աջակցություն ցուցաբերելուն:

Պարոն Աղաբեկյանը բարձր գնահատեց Ռումինիայի` պաշտպանության ոլորտում կատարած բարեփոխումներն ու ձեռքբերումները, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար: Նա անդրադարձավ նաեւ  ռազմատեխնիկական համաձայնագրով երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու  անհրաժեշտությանը:

Երկուստեք նախապատվություն տրվեց հիմնախնդիրների քաղաքական լուծումներին եւ  ռազմատեխնիկական համագործակցության զարգացման առումով կարեւորվեց երկու երկրների խորհրդարանների դերը: