Խորհրդարանը հոկտեմբերի 24-ի նիստն սկսեց քվեարկություններով:
Պատգամավորները հաստատեցին նախորդ օրը քննարկված երկու միջազգային պայմանագրերը եւ ընդունեցին կառավարության հեղինակած երեք օրենսդրական
նախաձեռնությունները:
Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը օրենսդիրների գնահատմանը ներկայացրեց «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված` այլ օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Կենտրոնական բանկը մտադիր է բացառության կարգով արտահանողներին թույլ տալ արտարժույթով գնանշում կատարել: ործող օրենքով այդօրինակ հնարավորություն չկա, թեեւ չկա նաեւ գործարքներն արտարժույթով կատարելու սահմանափակում:
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, որ այս քայլով արտահանողների համար առավել բարենպաստ եւ ազատական պայմաններ կստեղծվեն: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն, գտնում է, որ կառավարության ներկայացրած փաթեթում
ձեւակերպումներն այդքան էլ ընդունելի չեն: Այդուհանդերձ` թե Գագիկ Մինասյանը եւ թե Արծվիկ Մինասյանը փաստեցին, որ հանձնաժողովում քննարկումների արդյունքում նախագիծը, դեռ առաջին ընթերցումից առաջ, լրամշակվել է: «Ժառանգություն» խմբակցության անունից Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ իրենք նախագծի քվեարկության ժամանակ կլինեն ձեռնպահ: Այս դիրքորոշումը նա բացատրեց այն հանգամանքով, որ տնտեսական դաշտը բարելավելուն միտված նախագիծն առաջադրված հարցերը չի լուծում: Նրա մեկնաբանությամբ, տնտեսական դաշտը պետք է դիտարկել որպես դինամիկ համակարգ եւ կիրառել տարբերակված մոտեցումներ: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կարելի լրամշակել` պատգամավորների կոնկրետ առաջարկների հիման վրա: ԿԲ ներկայացուցիչն էլ անդրադարձավ այն խնդրին, որ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքն ընդունելով է հաջողվել միայն զսպել մեր հանրապետությունում դոլարիզացիայի ահագնացող տեմպը:
Օրակարգային հաջորդ նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Ոստիկանությունում ծառայության» մասին օրենքում: Փոփոխությունը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումներով: Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը ներկայացրեց, որ ցանկություն ունեն դատախազության փորձառու աշխատակիցներին ոստիկանություն տեղափոխվելու հնարավորություն ընձեռել: Նախատեսում են, որ տարկետման իրավունքով զինծառայությունից ազատված անձինք կարող են ծառայել նաեւ ոստիկանության քննչական մարմիններում: Դատաիրավական բարեփոխումների արդյունքում դատախազությունը նախաքննություն իրականացնելու իրավասություն չունի, եւ դատախազության քննչական հաստիքները կրճատվել են ու հատկացվել ոստիկանությանը: Փոխնախարարը նշեց, որ այսօր 38 անձ է ցանկություն հայտնել աշխատել ոստիկանության քննչական ապարատում: Նախագծով նախատեսված են նաեւ ոստիկանության նոր պաշտոններ, իսկ պետական
կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներին ու քննչական գլխավոր վարչության պետին նշանակելու կամ ազատելու լիազորությունը վերապահած է հանրապետության նախագահին: Այս դրույթի վերաբերյալ անհամաձայնություն հայտնեց Լարիսա Ալավերդյանը` ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը: Խմբակցությունում գտնում են, որ երկրի նախագահին պետք չէ ծանրաբեռնել կադրային հարցերով: «Ժառանգությունը» դեմ է նախագծին:
Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը պատգամավորներին առաջարկեց փոփոխություններ եւ լրացումներ կատարել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» եւ հարակից վեց փաստաթղթերում: Այս փոփոխությունները պայմանավորված են իրավական մի շարք ակտեր տարեսկզբին ընդունված` «ՀՀ դատական օրենսգրքին» համահունչ դարձնելու անհրաժեշտությամբ: Օրենսգրքով նախատեսվում է քաղաքացիական գործերը քննել ընդհանուր իրավասության մեկ կամ մասնագիտացված երեք դատարաններում: Խորհրդարանի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի դրական եզրակացության հետ միասին ներկայացրեց նաեւ օրենսդրական փաթեթի
վերաբերալ որոշ մանրամասներ: Նա խոսեց մասնագիտացված քաղաքացիական դատարանների գործառույթների մասին: Նախատեսելով գործը նախաքննության նախապատրաստելու մեխանիզմ` օրինագծով սահմանվել է, որ դատաքննությունը պետք է ավարտվի դատական մեկ նիստով: Սահմանված են նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու հիմքերն ու ժամկետները: Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 25-ի նիստում:
Վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները կառավարության անդամներին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Հանդիպման քննարկման առանցքում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն էին եւ խորհրդարանական...