Դեկտեմբերի 2-ին Հայաստան են ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Նեւեն Միմիցան, հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն:
Դեկտեմբերի 3-ին նախատեսվում են նրանց հանդիպումները Հայաստանում ներկայացված ԵԽ անդամ երկրների դեսպանների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Նույն օրը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին կընդունեն նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը եւ Դատական դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանը, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Դեկտեմբերի 4-ին նախատեսված են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի եւ Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ:
Դեկտեմբերի 5-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կլինեն Ազգային ժողովում` նախատեսված են հանդիպումներ ԱԺ «Ժառանգություն», «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ խմբակցությունների անդամների, ԱԺ պետական-իրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Խորհրդարանական հանդիպումները կամփոփվեն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպումով:
Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:
Դեկտեմբերի 6-ին համազեկուցողները կմեկնեն Երեւանից: