Տպել
04.12.2007
Ազգային ժողովում քննարկվում է Երեւանի մասին օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը, շարունակելով քառօրյա նիստերի աշխատանքը, քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ միջազգային պայմանագրերը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեցին կառավարության ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին կառավարության ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին կառավարության ներկայացրած «Ջրօգտագործողների ընկերություններին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին», «Երկաթուղային տրանսպորտի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Վավերացվեցին «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ» եւ «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 3568 AM ֆինանսավորման վերաբերյալ»  համաձայնագրերը:  

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց նախորդ օրն սկսված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» եւ դրա հետ կապված օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Օրինագծով սահմանվում է, որ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինները երկուսն են` Երեւանի ավագանին  եւ Երեւանի քաղաքապետը` երկուսն էլ ընտրովի: Երեւանի ավագանին կազմված է լինելու 65 անդամից, նրանք ընտրվելու են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Ավագանին ընտրվելու է 4 տարի ժամանակով, նույնքան ժամանակով էլ` քաղաքապետը: Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի  եւ Երեւանի ավագանու անդամ հանդիսացող այն անձը, ով չունի այլ պետության քաղաքացիություն: Սահմանվում է քաղաքապետի ընտրության անցկացման կարգը: Մասնավորապես, քաղաքապետի ընտրություններն անցկացվում են Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Եթե Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքով, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է Երեւանի ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե նա չի համապատասխանում պահանջներին` ընտրված է համարվում երկրորդ անձը: Եթե Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի հավաքում անհրաժեշտ 50 տոկոսից ավելին, ապա Երեւանի ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու:  Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստանում է Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի մեծամասնությունը: Հոդվածի մեկ այլ կետով սահմանվում է, որ երբ առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում Երեւանի ավագանու անդամների  ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Երբ առաջադրվել է մեկ թեկնածու, նա  ընտրված է համարվում, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են, քան Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսը:

Օրինագծով սահմանված է նաեւ ավագանու իրավունքը` քաղաքապետին անվստահություն հայտնելու համար: Այդ իրավունքը կարող են իրականացնել ավագանու առնվազն 22 անդամներ` ներկայացնելով քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ  որոշման նախագիծ:  Դրանում պետք է նշված լինի այն անձը, որը ներկայացվում է որպես քաղաքապետի թեկնածու: Օրինագծում նշված են նաեւ Երեւան քաղաքի վարչական տարածքները, որոնք 12-ն են եւ որոնց ղեկավարներին նշանակելու է  քաղաքապետը:

Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին քաղաքապետի ընտրության կարգին, նրան տրվող լիազորություններին, ավագանու թվին, ավագանու կողմից անցկացվելիք դռնփակ նիստերին եւ այլն: 

Օրինագծի վերաբերյալ գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Անդրադառնալով օրինագծի հիմնադրույթներին` նա նկատեց, որ այն նոր քաղաքական մշակույթի ձեւավորման հիմքը  կարող է լինել: Որպես դրական քայլեր` այդ առումով նա նշեց քաղաքապետի ընտրությունը ավագանու կողմից, որը կարող է նաեւ անվստահություն հայտնել նրան: Դրական համարվեց նաեւ այն հանգամանքը,  որ ավագանին կարող է ոչ միայն ընդունել կամ չընդունել քաղաքապետի որոշումները, այլեւ նախաձեռնել փոփոխություններ որոշումներում: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ օրինագծի լրամշակման նպատակով հանձնաժողովը կազմակերպելու է ընդլայնված քննարկումներ եւ խորհրդարանական լսումներ: Նա  եւս հանգամանալից պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին տեղական ինքնակառավարման խնդիրներին, քաղաքի բյուջեի վերահսկման մեխանիզմներին, քաղաքապետի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ ամրագրված սահմանափակումներին եւ այլն: 

Օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին պատգամավորները: Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով անհրաժեշտ  է, որ քաղաքապետին ընտրեն Երեւանի բնակիչները, իսկ քաղաքը բաժանվի 8 վարչական միավորի, սահմանված 12-ի փոխարեն: Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ օրինագծի, իր բնորոշմամբ` անհստակություններին եւ հակասություններին, առաջարկելով փոփոխել դրանք: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարեւորեց առավել մատչելի մեխանիզմների կիրառումը, ավագանու անդամների աշխատավարձերի սահմանումը: Նա  նշեց, որ օրինագծի որոշ հոդվածներ, որոնք նաեւ վերաբերում են քաղաքապետի իրավունքներին,  հստակեցման կարիք ունեն: Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, կարեւորելով օրենքի նախագիծը, կարծիք հայտնեց, որ ընդունման դեպքում օրենքը կնպաստի Երեւանի հավասարաչափ զարգացմանը: Պատգամավոր Վիկտոր  Դալլաքյանը կարեւոր համարեց Երեւանի քաղաքապետի ուղղակի, ոչ միջնորդավորված ընտրությունը, նկատելով, որ ներկայացված տարբերակը քաղաքապետին ենթարկում է ավագանուն:  Նա անընդունելի համարեց նաեւ քաղաքապետի ընտրությունը կուսակցական ցուցակներով, դրանով սահմանափակված համարելով մարդու իրավունքներն ու ազատությունները: Պատգամավոր Լարիսա Ալավերդյանն անհրաժեշտ համարեց Երեւանի մասին օրենք ունենալը եւ ներկայացված օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների անցկացումը:

Հարցի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 5-ի նիստում: 

 Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն` տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին: