Տպել
11.12.2007
Բուլղարիայի դեսպանն Ազգային ժողովում

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ստե‎ֆան Դիմիտրովին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին երեք տարիների արդյունավետ աշխատանքի համար, որի շնորհիվ հայ-բուլղարական կապերը բնականոն զարգացել են: Պարոն Թորոսյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք միջպետական կապերի անքակտելի մասն են կազմում, եւ նշեց, որ թե երկկողմանի կապերի, թե միջազգային կառույցներում համագործակցության զարգացման լավ նախադրյալներ են ստեղծվել: Քանի որ Բուլղարիան եւ Հայաստանը եվրաինտեգրման փուլում են, բուլղարական փորձը  օգտակար կարող է լինել Հայաստանի համար:

Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ստե‎ֆան Դիմիտրովը, որ վերադառնում է Սո‎ֆիա, ասաց, որ հանգիստ ու փիլիսոփայորեն է վերաբերվում իր մեկնումին` վստահ, որ հնարավորինն արվել է, իհարկե, կան նաեւ չարված գործեր, բայց դա արդեն հաջորդ դեսպանը կշարունակի: Պարոն Դիմիտրովը, որ պաշտոնավարել է Լատինական Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում, իր փորձով հավաստեց, որ դեսպանի աշխատանքի հաջողությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե դեսպանն ինչպես է վերաբերվում այն երկրին ու ժողովրդին, որտեղ աշխատում է եւ ինչպես են վերաբերվում այդ դեսպանին` այս շրջագծում պարոն Դիմիտրովը շնորհակալություն հայտնեց ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանին դիվանագիտական առաքելության կատարման ընթացքում ցուցաբերած աջակցության եւ ըմբռնումի համար, առանց որի չէր կայանա արդյունավետ համագործակցություն: Կարեւորելով ԱԺ նախագահի առաջիկա պաշտոնական այցը Բուլղարիա` դեսպանն այն գնահատեց որպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման խթան, նշելով, որ աշխատանքային կարգով արդեն նախապատրաստվում է միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը, որը կստորագրվի այցի ընթացքում` դառնալով հարաբերությունների զարգացման իրավական հիմք: Իր աշխատանքի նշանակալից արդյունքներից մեկը դեսպանը համարեց հայերեն-բուլղարերեն 800 էջանոց բառարանի ստեղծումն ու հրատարակումը, որը պատմականորեն միմյանց միշտ ընդառաջ գնացած ժողովուրդներին ավելի կմերձեցնի: Պարոն Դիմիտրովը կարեւորեց նաեւ Պեյո Յավորովի անվան դպրոցում եւ Սլավոնական համալսարանում աշակերտների ու ուսանողների բուլղարերենի ուսուցումը: Նա նշեց, որ Բուլղարիայի վարչապետի Հայաստանում գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանում Բուլղարիայի մշակույթի օրեր անցկացնելու մասին: Հայաստանի ու հայերի հետ իր բարեկամական կապերի շարունակման մտադրությունը հավաստելով` դեսպանը նաեւ ցանկություն հայտնեց վերադառանալ մեր երկիր եւ անպայման լինել Լեռնային Ղարաբաղում` տեղում ու անձամբ ծանոթանալու ժողովրդին:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վերստին հաջողություններ մաղթելով դեսպանին` իր հետագա աշխատանքներում, Լեռնային Ղարաբաղում լինելու նրա ցանկությունը բարձր գնահատեց եւ մարդկային, եւ մասնագիտական առումով` համաձայնելով, որ տեղում ու անձամբ ծանոթանալը թե ժողովրդին, թե հակամարտության պատմությանը շատ կարեւոր է` հասկանալու համար պատմական ճշմարտությունը ու պատկերացում կազմելու բազում տառապանքներ տեսած, բայց կենսասիրությունը եւ վճռականությունը պահպանած մարդկանց հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: