Տպել
26.03.2008
Վիետնամի դեսպանն Ազգային ժողովում

Մարտի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ թեպետ ՎՍՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Հայաստանի անկախացումից հետո, այնուհանդերձ հնարավորությունների համեմատ զարգացած չեն առեւտրատնտեսական կապերը եւ հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունը կնպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում: Պարոն Թորոսյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի հաստատումը` նշելով, որ երկու պետությունների խորհրդարանականները համագործակցում են միմյանց հետ միջազգային կառույցներում, եւ դա կնպաստի երկկողմանի կապերի զարգացմանը: Իբրեւ միջխորհրդարանական կապերի հաստատման առաջին քայլ` ԱԺ նախագահը առաջարկեց պատգամավորական բարեկամության խմբեր ստեղծել երկու խորհրդարաններում եւ հավաստեց, որ Ազգային ժողովում առաջիկայում կստեղծվի նման խումբ ու կազմը կփոխանցվի ՎՍՀ-ի խորհրդարանին: Անդրադառնալով Վիետնամի դերին հարավ-արեւմտյան Ասիայում` ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը արտաքին քաղաքական գերակայություն հռչակելով Հայաստանը նաեւ մեծ ուշադրություն է դարձնում ասիական տարածաշրջանի երկրների հետ բարեկամական կապերի զարգացմանը, եւ այդ շարքում իր կարեւոր տեղն ունի ՎՍՀ-ն` իր կայուն զարգացող տնտեսությամբ: 

Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը ԱԺ նախագահին հավաստեց իր պետության եւ ժողովրդի բարեկամական վերաբերմունքի մասին Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ` նշելով, որ իր երկրում մեծապես կարեւորում ու բարձր են գնահատում հայ ժողովրդի աջակցությունը Վիետնամի ազատագրական պայքարին ու շնորհակալ են դրա համար: Նրա գնահատմամբ` Հայաստանը իրապես կայուն զարգացող բարեկամական երկիր է Վիետնամի համար եւ երկու երկրներում անընդհատ գրանցվող տնտեսական աճը մեծ հնարավորություններ ու հեռանկարներ է բացում համագործակցության համար, որի մեծ ցանկությունը կա Վիետնամում եւ միայն աշխարհագրական հեռավորությունն է առայժմ խոչընդոտում ապրանքաշրջանառության մեծացմանը ու առեւտրատնտեսական, գիտամշակութային կապերի զարգացմանը: Պարոն Բույ Դին Զինը պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծումը կարեւորելով` առաջարկեց նաեւ փոխայցերն օգտագործել` միմյանց մասին հնարավորինս շատ տեղեկացված լինելու ու այս տարիներին կուտակած փորձի փոխանակման համար, որը  փոխադարձաբար օգտակար է:   

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց համագործակցության որոշակի ծրագրերի մշակումն ու իրագործումը. դեսպանը հավաստիացրեց, որ իր առաքելության նպատակը լինելու է միջպետական կապերի զարգացումը, ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել նրա գործունեությանը եւ հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպումին արդեն կքննարկվեն ոչ միայն նոր գաղափարներ ու ծրագրեր, այլ նաեւ դրանց արդյունքները: