National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.04.2008
Չեխիայի Սենատի նախագահն Ազգային ժողովում

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկային, որ Հայաստանում է ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու համար: Հանդիպմանը ներկա էր Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց, որ պարոն Սոբոդկան Հայաստանի համար կարեւոր այս օրը Երեւանում է, օր, երբ ամփոփվում են անցած 10 տարիների ձեռքբերումները եւ ուրվագծվում են անելիքները: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի այցը նաեւ կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Արձանագրելով, որ երկու ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամական կապեր են եղել միշտ` պարոն Թորոսյանը նշեց, որ նույնիսկ շատ լավ հարաբերությունների դեպքում ամենօրյա աշխատանքի անհրաժեշտություն կա: Չեխիայի հետ հարաբերությունները կարեւորվեցին իբրեւ Արեւելյան Եվրոպայի այն երկրի, որ հետխորհրդային տրանս‎ֆորմացիայի հետեւանքով դժվար ու ուսանելի ճանապարհ է անցել, որի փորձը Հայաստանի համար շատ օգտակար է եվրաինտեգրման առումով եւ երկկողմանի կապերի զարգացման լավ հեռանկարներ ունի:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկան նշեց, որ նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողության հրավերը ստանալով` անմիջապես արձագանքել է եւ շատ ուրախ է լինել Հայաստանում այսքան նշանակալից օրը: լոբալացվող աշխարհում տարածությունները հաղորդակցության ժամանակակից միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել արագ կրճատել, բայց մարդկային հաղորդակցությանն առաջվա պես ոչինչ չի փոխարինում, ուստի պարոն Սոբոդկան կողմնակից է անմիջական կապերի եւ ԱԺ նախագահի հրավերով պատրաստվում է սեպտեմբերին պաշտոնական այցով վերստին լինել Հայաստանում: Նա  կարեւորեց Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում եւ նշելով, թե ինչ մեծ ուշադրություն կա Եվրամիությունում մեր երկրի նկատմամբ` ասաց, որ իր օրակարգում 18 հարց կա քննարկելու, բայց ժամանակի սղության պատճառով այդ հարցերը կհետաձգվեն մինչ սեպտեմբեր:

Պարոն Սոբոդկան երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո միջպետական համաձայնագրերի կնքման անհրաժեշտություն է տեսնում, որը հնարավոր կդարձնի չեխ գործարարների ներդրումները Հայաստանում եւ առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերի զարգացումը Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ հետընտրական գործընթացներին. Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի խնդրանքով Աժ նախագահը իրազեկեց մարտի մեկի իրադարձությունների մասին, նշելով, որ դրանք ընտրությունների հետ առնչություն չունեցող ողբերգական դեպքեր էին, որոնք ուսումնասիրվում են դատախազությունում եւ մեղավորները օրենքի շրջանակներում պատասխանատվություն կկրեն: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց նաեւ, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ձեւավորվել է քաղաքական ուժերի կոալիցիա, արդեն որոշարկվել է ապագա վարչապետի թեկնածությունը եւ հաջորդ շաբաթ կկազմավորվի նաեւ կառավարությունը: Պարոն Սոբոդկան գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում իրադարձությունները բնականոն հուն են վերադառնում եւ հաջողություններ մաղթելով` Աժ նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Չեխիա` նշելով, որ միջխորհրդարանական հարաբերությունները միջպետական հարաբերությունների կարեւոր մասն են եւ ուղի են բացում այլ ոլորտներում համագործակցության համար:   




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am