Տպել
10.04.2008
Ղազախստանի Սենատի փոխնախագահն Ազգային ժողովում

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած` Ղազախստանի Սենատի փոխնախագահ Մուխամբեթ Կոպեեւին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ղազախստանի դեսպան Եռլան Կուբաշեւը:
 
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց, որ Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչը մասնակցեց ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությանը եւ այցը համարեց նաեւ լավ առիթ երկկողմանի հարաբերությունների քննարկման համար: ԱԺ նախագահը միջխորհրդարանական հարաբերությունները որակեց պասիվ ու, նշելով համագործակցության խորացման հնարավորությունները, անհրաժեշտ համարեց դրանց զարգացումը: Նշվեց նաեւ, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակություններն արդյունավետ աշխատում են  ԱՊՀ ՄԽՎ-ում, որի բարեփոխումը եւ համաշխարհային քաղաքականության մեջ կարեւոր դեր ունեցող կառույցի վերաճումը լուրջ խնդիր է, որի լուծման մեջ երկու երկրները կարող են իրենց ներդրումն ունենալ: Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Ղազախստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ:

Ղազախստանի Սենատի փոխնախագահ Մուխամբեթ Կոպեեւը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող իրադարձությանը հրավերի համար եւ ԱԺ նախագահին փոխանցեց Սենատի նախագահի ուղերձը: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանում քառակողմ կոալիցիայի ստեղծումը լուրջ քայլ է երկրի առջեւ ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու համար: Ղազախստանի Սենատի փոխնախագահը բարձր գնահատեց ԱԺ նախագահի` փորձառու ու ծանրակշիռ քաղաքական գործչի ներդրումը բարեփոխումների գործընթացի մեջ: Իրազեկելով ԱԺ նախագահին Ղազախստանի քաղաքական ու տնտեսական, գիտամշակութային ձեռքբերումների մասին` պարոն Կոպեեւը ցանկություն հայտնեց Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով եւ հատկապես միջխորհրդարանական. Սենատում եւս ստեղծված է Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության խումբ: Նշվեց նաեւ, որ բազմազգ Ղազախստանում ապրում են հազարավոր հայեր, որ իրենց ներդրումն ունեն տնտեսության զարգացման մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում Ղազախստանի առաջիկա նախագահությանը. պարոն Կոպեեւը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանությանը այդ հարցում իր երկրին աջակցելու համար եւ խնդրեց կառույցի բարեփոխման առաջարկությունների դեպքում` դրանք ներկայացնել քննարկման, ԱԺ նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ նախկին խորհրդային հանրապետություններից մեկը նախագահելու է միջազգային կառույցում եւ այդ ժամանակը արդյունավետ աշխատանքի հնարավորություններ է տալիս: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեցին փոխայցերը եւ միմյանց հնարավորություններին լավ տեղեկացվածությունը, որը թույլ կտա գործնական քայլեր կատարել, այդ նպատակով անհրաժեշտ համարվեց իրավապայմանագրային բազայի վերանայումը եւ կարիքի դեպքում նոր համաձայնագրերի կնքումը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իր ողջույնները եւ սերտ աշխատանքի ցանկությունը խնդրեց փոխանցել Ղազախստանի Սենատի նախագահին: