Տպել
23.04.2008
Մեծ Բրիտանիայի դեսպանն Ազգային ժողովում

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Չարլզ Լոնդսեյլին:

Ողջունելով դեսպանին` Աժ նախագահը նրա ժամանման պահը որակեց իբրեւ հետաքրքիր եւ դժվարություններով բնորոշվող եւ հույս հայտնեց, որ դժվարությունները աստիճանաբար կհաղթահարվեն եւ հետաքրքրությունները կգերակայեն: Աժ նախագահը նաեւ վստահություն հայտնեց, որ բոլոր ոլորտներում հայ-բրիտանական հարաբերությունների նոր որակ կարձանագրվի նոր դեսպանի գործունեության արդյունքում` մասնավորապես կակտիվանան միջխորհրդարանական հարաբերությունները:

 Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Չարլզ Լոնդսեյլի խնդրանքով պարոն Թորոսյանն անդրադարձավ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում 2008-ի մարտի 17-ին ընդունված փոփոխություններին ու ԵԽ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ դրանց քննարկումների արդյունքներին: Դեսպանի խնդրանքով Աժ նախագահն անդրադարձավ նաեւ մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության նպատակով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջարկին. նշվեց, որ «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքը հնարավորություն տալիս է ցանկացած ժամանակ որոշակի իրադարձությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Նման հանձնաժողովների գործունեության եւ լավ, եւ վատ օրինակներ են եղել անցած ժամանակամիջոցում: Այս դեպքում Աժ նախագահը կարեւորում է հանձնաժողովի խնդիրների եւ նպատակների որոշարկումը, ինչը պարզ կդարձնի, թե նման հետաքննության համար ո՞ր տարբերակն ավելի արդյունավետ կլինի: Պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հետաքննության անցկացման վերապահման վերաբերյալ հնչած առաջարկին` այն համարելով ոչ արդյունավետ, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանն առանց այդ էլ ունի իր խնդիրները, որոնց արդյունավետ լուծումը շատ կարեւոր է: Պարոն Թորոսյանը չբացառեց Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման տարբերակը` անհրաժեշտ համարելով քաղաքական ուժերի հետ քննարկել հարցը եւ լսել նրանց տեսակետները: Նշվեց նաեւ, որ Աժ ժամանակավոր հանձնաժողովը չի կարող զբաղվել իրավապահ մարմինների գործունեությամբ` միայն հանրային վերահսկողության գործառնություն ունենալով: 

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեցին միջխորհրդարանական համագործակցության հետագա ծավալման հարցերը. պայմանավորվածություն ձեռքբերվեց որոշակի ծրագրի մշակման եւ համատեղ քննարկման մասին: