Տպել
24.04.2008
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ուղերձը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ


Իր բազմադարյա պատմության մեջ հայ ժողովուրդը,  հաղթանակների ու հաջողությունների կողքին` նաեւ կորուստներ ու դաժան փորձություններ է տեսել:  Եվ միայն մեր ժողովրդի միասնությամբ ու անկոտրում կամքի դրսեւորմամբ է  հնարավոր եղել գոյատեւել ու հաղթահարել ժամանակի ու ճակատագրի մարտահրավերները, այդ թվում եւ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ու իրականացված ցեղասպանությունը, որն աննախադեպ իրողություն էր մարդկության պատմության մեջ:

Պատմությունն ապացուցել է նաեւ, որ որեւէ ժողովուրդ կարող է պաշտպանված լինել նման ոճիրներից, եթե ստեղծել է անառիկ, զորավոր ու իր քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովող պետություն: 

 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ գլուխ խոնարհելով, մենք` նրանց ժառանգները, պարտավոր ենք կառուցել նրանց երազած Հայաստանը ոչ միայն որպես զոհերի հիշատակը հավերժացնող անձեռակերտ հուշարձան, այլեւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ապագայի լիակատար երաշխիք: