Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին հրավիրած նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, քննարկեց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելու համար ներկայացված երկու հարց:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով նախատեսվում է լուծել չորս հիմնական հարց, որոնց մասին հանձնաժողովի անդամներին հիմնավորումներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Կառավարությունն առաջարկում է սպասարկման առավել քաղաքակիրթ կանոններ սահմանել` առաջնորդվելով սպառողների եւ զբոսաշրջիկների շահերով: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի կենտրոնների համար, օրինագիծն ընդունելուց հետո, պարտադիր կլինի վճարովի կամ անվճար սանիտարական հանգույցների եւ հասարակական զուգարանների առկայությունը: Նախարարի խոսքերով` ժամանակն է, որ նշված գործառույթներն իրականացնող կազմակերպությունները ստանձնեն սոցիալական պատասխանատվություն` նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը: Այս ծառայության վճարովի կամ անճար լինելու վերաբերյալ կարծիքները հանձնաժողովում տարբեր էին: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարծում է, որ հնարավոր է այս ծառայությունը եւս ներառել սպասարկան մեջ եւ մատուցել անվճար: Այդպես է նաեւ Եվրոպայում: Նախարարը եւ պատգամավորներից ոմանք կարծում են, որ անվճար ծառայության դեպքում իրավիճակն առանձնապես չի փոխվի, սպասարկման ոլորտը դեռ այդ մակարդակին չի հասել: Երկրորդ խնդիրը, որին ուղղված է այս փաթեթը, սպառողների տնտեսական շահերի պաշտպանությունն է: Կառավարությունն առաջարկում է առեւտրի իրականացման վայրերում սպառողների համար` նրանց հասանելի վայրերում, տեղադրել տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոց: Գործադիր իշխանությունն այսպես փորձելու է թերակշռումների դեմ պայքարել: Հաջորդ խնդիրը, որի վրա նախարարը հրավիրեց պատգամավորների ուշադրությունը, վերաբերում է հացի գներին ու դրանց տատանման հսկողությանը: Կառավարությունը նախատեսում է վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը նշելու պարտադիր պայման: Պատգամավորները միակարծիք են, որ գինը պետք է սահմանվի ոչ թե յուրաքանչյուր հացի, այլ հացատեսակի համար, եւ լինի քաշի մեջ մի փոքր` սահմանված չափով տատանման հնարավորություն: Հակառակ դեպքում, ըստ պատգամավորների, մեկ գրամ քաշի տատանումն անգամ անհարկի շահարկման առիթ կհանդիսանա: Չորրորդ փոփոխութամբ կառավարությունն առաջարկում է «բուֆետապան»-ի վրա չտարածել մասնագիտական կրթություն ունենալու պահանջը: Բացի դա, մեկ տարով առաջարկվում է հետաձգել Երեւանում եւ մարզկենտրոններում գործող հանրային սննդի աշխատողների համար կրթության եւ վերապատրաստման ժամկետը: Հանձնաժողովը փաթեթը դրական գնահատեց` վիճահարույց հարցերն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնելու պայմանով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին: Ինչպես ներկայացրեց կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ ագիկ Խաչատրյանը, օրենքում որպես թեմատիկ ստուգում նախատեսված է մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման ճշտությունը ստուգելու հնարավորություն` հետբացթողումային հսկողության ժամանակ: Սակայն մաքսային մարմինն ընդգրկված չէ ստուգում իրականացնող պետական մարմինների ցանկում, ինչը եւ առաջարկվում է շտկել այս լրացմամբ: