Տպել
14.11.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 14-ին կայացավ 2008 թ.  մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ընթացքում մարտի 1-ի եւ 2-ի  իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների մասին պարզաբանումներ ներկայացրեց փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը:
 
Մինչ այդ  հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը որոշ տեղեկություններ հրապարակեց: Նախ այն մասին, որ դատախազությունը հանձնաժողովին է փոխանցել  տեսաերիզները, որոնք տեսաձայնագրվել են Մաշտոցի պողոտայում գտնվող` «Ռոբերտո» խանութի տեսաձայնագրիչ սարքով: Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը մանրամասներ փոխանցեց նաեւ այդ դեպքերի ժամանակ զոհված` Տիգրան Աբգարյանի ծառայած զորամաս այցելության արդյունքների, ինչպես նաեւ նրա վերնահագուստի  փորձաքննության մասին:
  
Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը երկրորդ անգամ էր ժամանակավոր հանձնաժողովում. առաջին անգամ նա պարզաբանումներ էր տվել միայն մարտի 1-ի առավոտյան` Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում իրենց գործողությունների մասին: Այս անգամ անդրադարձավ Ֆրանսիայի դեսպանատան եւ հարակից տարածքներում ծավալված գործողություններին` մանրամասնելով  ցուցարարների հետ բանակցությունների ընթացքը: Նա ներկայացրեց, որ Մատենադարանին հարող տարածք տեղափոխվելու` Դավիթ Շահնազարյանի հետ ձեռքբերված համաձայնությունը կասեցրել էր ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ` Լեւոն Զուրաբյանը: Պրն. Աֆյանը ներկայացրեց նաեւ տվյալներ եւ ժամանակագրություն` լրացուցիչ օգնական ուժեր այդ տարածք բերելու մասին: Փոխոստիկանապետի  բնորոշմամբ` իրենց խնդիրը եղել է  ցուցարարներից 50-100 մ հեռավորության վրա շղթա կազմելը` նրանց շարժը դեպի կառավարական շենքեր եւ կենտրոնական փողոցներ կանխելու համար: Ալեքսանդր Աֆյանի խոսքերով` ցուցարարների  վարքագիծն ագրեսիվ էր, նրանք զինվում էին քարերով, մետաղյա ձողերով եւ բենզինով լի շշերով: Նիստին ներկա` մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի տպավորությամբ` ցուցարարները ոչ թե ագրեսիվ էին, այլ` հուզված վիճակում: Եւ նրանք Ֆրանսիայի եւ այլ դեսպանատներին կից տարածքում էին հավաքվել` պաշտպանվելու նպատակով: Հանձնաժողովի անդամները փոխոստիկանապետին հարցեր ուղղեցին հատուկ միջոցների կիրառման, կազմակերպված ձեւով  խանութների վրա հարձակվելու հնարավորության, հրազեն կիրառելու հրամանի մասին: Պրն. Աֆյանը տեղեկացրեց, որ կրակելու հրաման ոչ ոք չի տվել, իսկ գործողություններն իրականացվել են այդ ժամանակ ոստիկանապետ` Հայկ Հարությունյանի հանձնարարականներով: