Տպել
20.11.2008
Հունաստանի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Իոանիս Կորինթիոսին:

Փոխշահավետ եւ անհրաժեշտ համարելով հայ-հունական միջպետական հարաբերությունների զարգացումը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, որոնք մեծ խթան կդառնան թե առեւտրաարդյունաբերական, թե գիտամշակութային հարաբերությունների առաջընթացի համար: ԱԺ նախագահը պաշտոնական այցով Հայաստան  հրավիրեց  Հունաստանի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սյու‎ֆասին` մեծ նշանակություն տալով փոխայցերի կարեւորությանը, որոնց ընթացքում հնարավորություններ են ստեղծվում տեղում ծանոթանալու համագործակցության կոնկրետ ուղղություններին: Երկու երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացման համար կարեւորվեց գործարարների ընդգրկումը պատվիրակության կազմում, որոնք Հայաստանում կարող են ծանոթանալ տնտեսության ճյուղերին ու ներդրումների հնարավորություններին, կկազմակերպվի նաեւ բիզնես-‎ֆորում:  ԱԺ նախագահը նաեւ առաջարկեց Հունաստանի խորհրդարանի հետ հուշագիր ստորագրել` ամրագրելով  երկու խորհրդարանների համագործակցության պատրաստակամությունն ու ուղղությունները: Նշվեց, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Հունաստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որն էլ իր հերթին կարող է նպաստել միջխորհրդարանական գործուն ու արդյունավետ կապերի զարգացմանը: Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ միջազգային կառույցներում երկու խորհրդարանների պատվիրակությունների միջեւ սերտ կապերի հաստատման կարեւորությանը: Նշվեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ միջազգային կազմակերպությունների` Եվրամիության, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի ջանքերին, որոնք միտված են խաղաղության ու կայունության ամրապնդմանը: 

Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Իոանիս Կորինթիոսը պարոն Աբրահամյանին փոխանցեց Հունաստանի խորհրդարանի նախագահի եւ իր շնորհավորանքներն ու հաջողության բարեմաղթանքները ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով`  հավելելով հույն-հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը նպաստելու պատրաստակամությունը:   Անդրադառնալով պարոն Սյու‎ֆասի այցին` դեսպանը հանձն առավ ճշտել այցի ժամկետները եւ տեղեկացնել Աժ նախագահին: Պարոն Կորինթիոսը Աժ նախագահին իրազեկեց, որ Հունաստանի նորընտիր խորհրդարանում եւս արդեն Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ է ստեղծվել:  Նշվեց, որ Հունաստանի խորհրդարանը պատրաստ է Ազգային ժողովի հետ համագործակցության հուշագիր ստորագրել` կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության դերն ու նշանակությունը: Նա եւս համամիտ է ԱԺ նախագահի հետ` միջազգային կառույցներում երկու խորհրդարանների պատվիրակությունների համագործակցության սերտացման անհրաժեշտության առումով: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Կողմերը հավաստեցին տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարական արժեքների արմատավորմանը: Թե հայկական, թե հունական կողմը պատրաստ են իրենց նպաստը բերել այդ գործընթացներին: