Տպել
20.11.2008
Վրաստանի դեսպանն Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 20-ին  ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին:

Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները` իբրեւ ԱԺ նախագահ վերահաստատելով միջխորհրդարանական կապերն առավել սերտացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը: ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը եւ երկու խորհրդարանների միջեւ գործուն կապերի զարգացման նպատակով պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին: Ազգային ժողովի նախագահը իր մտահոգությունը հայտնեց դեսպանին վերջերս Թբիլիսիի սուրբ Նորաշեն եկեղեցու բակում կատարված ապօրինությունների կապակցությամբ` նշելով, որ անկասկած Վրաստանի իշխանությունները հետամուտ կլինեն մեղավորներին օրենքի սահմաններում պատժելու եւ նման ապօրինությունները կանխելու համար: Ցանկալի չէ, որ նման անհատների քայլերը բացասաբար անդրադառնան երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա:

Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն շնորհավորեց պարոն Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար` վստահություն հայտնելով, որ լինելով փորձառու ու ականավոր քաղաքական գործիչ` նա կիրականացնի իր բոլոր ծրագրերը եւ կնպաստի երկու երկրների  հարաբերությունների ամրապնդմանն ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Պարոն աչեչիլաձեն իր եւ վրաց ժողովրդի խորին երախտագիտությունը փոխանցեց Աժ նախագահին` օգոստոսյան հակամարտության օրերին Հայաստանի վարած հավասարակշիռ քաղաքականության համար: Անդրադառնալով Թբիլիսիի սուրբ Նորաշեն եկեղեցու բակում հայկական գերեզմանների պղծման միջադեպին` դեսպանն իրազեկեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այդ առիթով հանդիպում է ունեցել եւ հայկական կողմի մտահոգություններն է փոխանցել Վրաստանի կառավարությանը: Պարոն աչեչիլաձեն գտնում է, որ առանձին անհատների գործողությունները չպետք է ստվեր գցեն երկու երկրների հարաբերությունների վրա: Նա վստահեցրեց ԱԺ նախագահին, որ նրա մտահոգությունը կփոխանցի Վրաստանի կառավարությունը, որն ամեն ինչ կանի միջադեպը հարթելու  եւ մեղավորներին պատժելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: