Տպել
20.11.2008
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով.

«80 տարի առաջ  հեռուստատեսությունը հայտնվեց մարդկության կյանքում` ժամանակի մեջ դառնալով հաղորդակցության անկրկնելի ու փնտրված հնարավորություն:  

1956-ի նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդումից հետո հայկական հեռուստատեսությունը քայլ առ քայլ մտավ բոլորիս կյանքը` հեղաշրջելով մեր պատկերացումները ժամանակի ու տարածության մասին: Այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքը առանց հեռուստատեսության, որ բացի աշխարհի անցուդարձի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելուց, դարձել է հասարակական կարծիքի ձեւավորման ու խաղաղության, անվտանգության, տնտեսական ու սոցիալական զարգացման հարցերի, մշակութային փոխանակության անփոխարինելի միջոց, որի արժանիքները գնահատելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը հռչակեց Հեռուստատեսության համաշխարհային օր:

Ջերմորեն շնորհավորում եմ հեռուստատեսության բոլոր աշխատակիցներին:
Միշտ իրադարձությունների կենտրոնում` ճիշտ պահին ճիշտ տեղում լինելու   ունակությունը թող միշտ ուղեկցի ձեզ` օգնելով մնալ  երկրի հասարակական-քաղաքական, գիտակրթական, պատմամշակութային կյանքի կարեւորագույն իրադարձությունների տեղեկատվության աղբյուր, պարզապես բարեկամ` առանց որի  արդեն չենք պատկերացնում մեր կյանքը»: