Տպել
08.12.2008
«Ապագան քոնն է» կազմակերպության անդամները խորհրդարանում

Դեկտեմբերի 8-ին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական, հասարակական կազմակերպության անդամների հետ: Կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը տեղեկացրեց, որ «Իրավական խճանկար» անունը կրող ծրագրի իրականացմանն օժանդակել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Հանդիպմանը ներկա էր գրասենյակի ներկայացուցիչ Իննա Երանոսյանը:

Ինչպես իր խոսքում նշեց Նարինե Սարգսյանը, իր ղեկավարած կազմակերպությունը գործում է 2003 թվականից եւ  նպատակ ունի դաստիարակել երկրի համար պիտանի քաղաքացիներ, նպաստել նրանց իրավագիտակցության բարձրացմանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպմանը ներկա են Երեւանի եւ մարզերի   դպրոցների բարձր դասարանցիները:

Ողջունելով պատանիներին խորհրդարանում, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարեւորեց կազմակերպության նպատակները, նշեց, որ անհրաժեշտ է ոչ միայն իմանալ իրավունքները, այլեւ հիշել  պարտականությունները, չմոռանալ հոգեւորի, ընթերցանության, մշակութային կյանքի եւ այլ բարձր արժեքների մասին:

Պարոն Աշոտյանը  ներկայացրեց հանձնաժողովի կազմը, գործունեության ոլորտները, ապա նա եւ տիկին Զոհրաբյանը պատասխանեցին պատանիներին հուզող  բազմաբնույթ հարցերին: