Տպել
08.12.2008
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանում

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ փոխնախագահ Ռընե Ռուքեին, որ ԱԺ նախագահի հրավերով Հայաստանում են` մասնակցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի 20-ամյակի հիշատակի արարողություններին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ 88-ի երկրաշարժի 20-րդ տարելիցի օրերին նրանց Հայաստան հրավիրելով` եւս մեկ անգամ ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության ու ջերմ վերաբերմունքի համար: 88-ի դեկտեմբերին Հայաստանը դարձել էր աշխարհի ուշադրության կենտրոն եւ տասնյակ երկրներ շտապեցին մարդասիրական օգնություն ցույց տալ աղետյալներին, նրանց թվում Ֆրանսիան առաջիններից էր, որ Հայաստան ուղարկեց իր փրկարարներին, բժիշկներին ու շինարարներին: ԱԺ նախագահը նշեց, որ կառավարության ծրագրով 71 միլիարդ դրամ է հատկացվելու` մինչեւ 2012 թ. 600 քառակուսի մետր բնակմակերեսի շինարարության համար, որպեսզի վերջնականապես լուծվի երկրաշարժի հետեւանքով բնակարանից զրկված ընտանիքների բնակարանով ապահովման հարցը: Հայ-‎ֆրանսիական գործարար կապերի զարգացման առումով` պարոն Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում արդեն գործում են ‎ֆրանսիական ընկերությունները` «Պեռնո-Ռիկարը», «Վիոլան», «Սորը», նրանց շարքը համալրեց «Օրանժը»: Անդրադառնալով հայ-‎ֆրանսիական միջխորհրդարանական կապերին` ԱԺ նախագահը կարեւորեց պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը եւ փոխայցելությունները, որոնք մեծապես կարող են նպաստել մյուս բնագավառներում փոխհարաբերությունների զարգացմանը: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց նաեւ  Ֆրանսիայի Ազգային ժողովում ցեղասպանության ժխտողականության մասին օրենքի ընդունման համար: Կարեւորվեց նաեւ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրմանը: Պարոն Աբրահամյանը պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին: 

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանուսա Ռոշբլուանը 17-րդ անգամ է Հայաստանում, առաջին անգամ նա 1990 թ. է Հայաստան եկել, եւ իր խոսքով` այդ օրերին ու այս օրերին բոլորովին այլ յումրի է տեսել: Նա Աժ նախագահին պատմեց դեկտեմբերի 7-ին յումրիում տեղի ունեցած հիշատակի արարողությունների մասին, որոնք հուզմունքի բազում պահեր են պարգեւել իրեն ու պարոն Ռուքեին: Պարոն Ռոշբլուանը նշեց նաեւ ‎Ֆրանսիայի հայ համայնքի մեծ դերակատարությունը մարդասիրական օգնությունների առաքման գործում: Նա կարեւորում է Հայաստանի անդամակցությունը Ֆրանկո‎ֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որը ‎ֆրանս-հայկական բարեկամության եւս մեկ վկայություն է: Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներն անդրադարձան նաեւ Ֆրանսիայում Հայաստանի օրերին, որոնք ‎ֆրանսիացիների համար ավելի մոտ ու հարազատ դարձրին հեռավոր Հայաստանը: 

Հանդիպման ժամանակ անդրադարձներ եղան նաեւ ԵԽԽՎ-ում ‎ֆրանսիացի պատգամավորների եւ ԱԺ պատվիրակության համագործակցությանը եւ այլ հարցերի: 

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը եւ  ղեկավարի տեղակալ Ռենե Ռուքեն հանդիպեցին ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արա Բաբլոյանի, խմբի անդամներ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ Արմեն Ռուստամյանի եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ:      

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը` պարոն Բաբլոյանը  կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված ցեղասպանության ժխտողականության մասին օրինագծի համար, որի հեղինակն է Ֆրանսուա Ռոշբլուանը` պարոն Բաբլոյանը նշեց, որ այն նոր մակարդակի վրա բարձրացրեց հայոց ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը  նույնպես անհրաժեշտ համարեց  հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա  ակտիվացումը` կարեորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ միջազգային կազմակերպություններում  համագործակցության խորացումը: Հյուրերը նշեցին, որ երկրաշարժի գոտում նկատելի է վերջին տարիների ընթացքում կատարված մեծ աշխատանքը: 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքին: Պարոն Ռուստամյանը նշեց, որ դեկտեմբերի 17-ին Փարիզում կայանալիք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կներկայացվի  ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի նախնական զեկույցը` բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ, որը կներկայացվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին:

Հանդիպման ընթացքում  քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս :