Տպել
09.12.2008
Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված խորհրդարանական լսումներ

Դեկտեմբերի 9-ին ԱԺ առողջապահության ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների քննարկման թեման էր «Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»:  
           
Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, կրթության, առողջապահության, արդարադատության ոլորտի մասնագետներ, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլք:

Լսումներին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը , դիմելով ներկաներին` նա ասաց. «Ինչպես գիտեք` վաղը  մարդու իրավունքների պաշտպանության  միջազգային օրն է: Ավելորդ է ասել, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ այդ իրավունքների պաշտպանությունը սկսվում է երեխաների նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքից: 1992 թվականին մեր երկիրը միացավ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային` դրանով իսկ եւս մեկ անգամ ապացուցելով իր պատրաստակամությունը երեխայի իրավունքներին առնչվող հարցերը դարձնելու առաջնային եւ դրանք ներգրավելու իրականացվող ազգային ծրագրերում: 1996 թվականին կոնվենցիայի ընդունմանը հետեւեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:

Նշված կոնվենցիայի դրույթներին համապատասխան` կառավարությունը մշակեց եւ հաստատեց «Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը»: Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին», ինչպես նաեւ ուղղված է երեխայի իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը: Ակնառու են վերջին տարիների  դրական արդյունքները` երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում.

Կառավարությունը որպես ծախսային գերակայություն իրականացրել եւ առաջիկա տարիների համար նախատեսում է սոցիալական ոլորտի առանձին ճյուղերի, մասնավորապես` կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ սոցիալական ապահովագրության համակարգերի արդյունավետության բարձրացումը: Զարգացման արդի փուլում առաջնային է երեխաների, հատկապես խոցելի խմբի երեխաների սոցիալական ապահովության խնդիրը: Տարբեր դրդապատճառներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կազմում են հասարակության սոցիալապես առավել խոցելի խումբը: Հանրապետությունում այսօր առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մի մասը գտնվում են պետության լրիվ խնամքի տակ` մանկատներում: Նման երեխաների կենսագործունեության պայմանների ապահովման համար ընդունված է իրավական ակտերի մի ամբողջ շարք, կատարելագործվում է այս բնագավառին վերաբերող օրենսդրությունը: Այսօր կարեւորվում են նաեւ անչափահասների արդարադատությանը վերաբերող հիմնահարցերը, մասնավորապես երեխայի նկատմամբ բռնության դեմ պայքարի մեթոդների մշակումը: Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի գերակշիռ մեծամասնությանն արդյունավետ մասնակցություն է ունեցել նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: Կառավարության եւ հիմնադրամի միջեւ հետագա համագործակցությունը կարող է երաշխիք հանդիսանալ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների բարեհաջող ընթացքի համար:

Հաշվի առնելով այն, որ  որոշակի հաջողությունների հասած ծրագրերի ասպարեզում անգամ առկա են բազում չլուծված խնդիրներ` ԱԺ հանձնաժողովների կողմից այսօր կազմակերպվել են այս թեմային նվիրված խորհրդարանական լսումներ, որոնց նպատակն է հայտնաբերել  առկա հիմնախնդիրները եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավական դաշտի կատարելագործման աշխատանքներ:

 Կարծում եմ` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հնարավոր կլինի միավորել Երեխայի իրավունքների պաշտպանությանը նպատակաուղղված փաստաթղթերի դրույթները կենսագործելուն ուղղված գործողությունները, հասնել  դրանց հետեւողական ապահովմանը, դրանց արդյունավետության բարձրացմանը, եւ ի վերջո ապահովել, երեխաների համար հոգատար, պաշտպանող եւ մասնակցային միջավայր»: 

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը 
նշեց, որ 21-րդ դարը նոր խնդիրներ է դնում մարդկության առջեւ, երեխաների իրավունքների պաշտպանությունը նոր իմաստ է ստանում, ուստի անհրաժեշտ է հստակեցնել եւ զարգացնել բնագավառի իրավական դաշտը, բացառել դպրոցում, տանը եւ փողոցում ֆիզիկական կամ սեռական բռնության ցանկացած դեպք, բարելավել ընտանիքների սոցիալական վիճակը, համակարգել երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքները, երեխաների կյանքին վերաբերող որոշումներ ընդունելիս հաշվի առնել նրանց կարծիքը: Արա Բաբլոյանը կարեւորեց երեխաների իրավունքների պաշտպանության հարցում օրենսդրական դաշտի կարգավորումը: Նա հավատացած է, որ խորհրդարանական լսումների ընթացքում ստացած տեղեկությունները կնպաստեն երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված նոր մոտեցումների ձեւավորմանը եւ արդյունավետ կիրառմանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանի գնահատմամբ` խորհրդարանական լսումները նպատակ ունեն ընտանիքի, հասարակության եւ պետության ուշադրությունը հրավիրել երեխաների իրավունքների պաշտպանության  խնդրին:  Երեխային տարաբնույթ օրենքներով եւ միջազգային փաստաթղթերով վերապահվում են համապատասխան իրավունքներ, իսկ պետության ուշադրությունը երեխաների իրավունքների նկատմամբ առանձնակի սրվում է, երբ ընտանիքի հեղինակությունը կամ ընտանեկան ամրությունը թուլանում է, ինչը կարող է դիտարկվել երեխաների իրավունքների պաշտպանության երաշխավորմանն ուղղված սպառնալիք: Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առանձնանում են իրավական նորմերը, որոնցով ամրագրված են երեխայի հոգեւոր եւ ֆիզիկական դաստիարակության մեխանիզմները: Այդ դրույթը հռչակված է 1989 թ. «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում:  Պարոն Մանցականյանը նշեց, որ երեխայի պաշտպանության իրավական մեխանիզմները կանոնակարգվում են տարբեր ոլորտների օրենսդրական ակտերով, որոնք կարող են դիտարկվել երեխաների իրավունքների պաշտպանության իրավական գործոններ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը, համահունչ լինելով ստանձնած միջազգային պարտավորություններին եւ հանձնառություններին, կարող է ապահովել երեխաների իրավունքների իրավական պաշտպանությունը: «Երեխայի իրավունքների մասին» 1996 թ. օրենքի ընդունումից հետո կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ, ինչը, ըստ պարոն Մխիթարյանի, չի նշանակում, որ օրենքը եղել է անկատար, այն բարեփոխվել է: Կարգավորվել է պետական լիազոր մարմնի գործունեության ծրագրավորումը, երեխաների պաշտպանության ոլորտում պետական բյուջեի միջոցների ծախսումը:  Ըստ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` երեխայի իրավունքների պաշտպանվածության աստիճանը չպետք է պայմանավորված լինի ռասայական, սեռական, կրոնական պատկանելությամբ կամ քաղաքացիությամբ եւ կարգավիճակով: Պարոն Մխիթարյանն ընդգծեց, որ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքով հատուկ ուշադրության է արժանանում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցող առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված երեխաների իրավունքները:

Խորհրդարանական լսումները ողջունեց նաեւ  Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի Ջիլանին : Նա ընդգծեց, որ այս աննախադեպ լսումները կազմակերպվել են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ եւ նախորդում են Հայաստանի կողմից Երեխայի իրավունքների հանձնաժողովին ներկայացվող պարբերական զեկույցին: Թեեւ Հայաստանում վերջին տարիներին նշանակալի առաջընթաց գրանցվեց կանանց եւ երեխաների խնդիրների լուծման ոլորտում, այնուամենայնիվ, շարունակական առաջընթաց ապահովելու համար  անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական ներդրումներ եւ քաղաքական կամք: Այդ ենթատեքստում Լեյլի Մոշիրի Ջիլանին ներկայացրեց միջխորհրդարանական միության  կողմից կազմված եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի կողմից թարգմանված «Երեխաների դեմ ուղղված բռնության վերացում» խորհրդարանականների համար ձեռնարկը:

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը «Երեխայի իրավունքների պաշտպանության հիմքերը ՀՀ-ում» զեկույցում տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի համաձայն` ՀՀ կառավարությունը 1996 թ. ընդունեց «Երեխայի իրավունքների մասին» օրենք, իսկ 2003 թ-ին` «ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագիրը», որը սահմանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը եւ նախատեսվող միջոցառումները: Նրա գնահատմամբ` ազգային օրենսդրությունը սահմանում է երեխաների պաշտպանության ուղղությամբ գործողությունների սկզբունքները ու նպատակները, ստեղծում գործողությունների իրականացման մեխանիզմներ, ընդունվել են երեխաների լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավական ակտեր, լրամշակվում եւ կատարելագործվում է երեխաների հիմնախնդիրները կարգավորող ազգային օրենսդրությունը, մշակվում է ՀՀ ընտանեկան քաղաքականության հայեցակարգի նախագիծ: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2008 թ. նոյեմբերի տվյալներով հաշվառված է 243585 երեխա, որից 208364-ը ստանում է ընտանեկան նպաստ: Երեխաների խնամքի եւ պաշտպանության նոր համակարգի ստեղծումը դիտվում է երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության ծրագրային գլխավոր խնդիր. յումրիում եւ Երեւանում 2006 թ. բացվել են երեխաների սոցիալական հոգածության երկու ցերեկային կենտրոններ, ուր հաճախում է 200 երեխա, նախկինում գործող 17 հատուկ հանրակրթական ուսումնական գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպման արդյունքում 2007 թ. Հայաստանի տարբեր մարզերում ստեղծվել են գիշերօթիկ 7 հաստատություններ, ուր խնամվում է 706 երեխա, 10 հատուկ հաստատություն վերակազմակերպվել է հանրակրթական դպրոցի, որի արդյունքում մոտ 4000 երեխա վերադարձել է ընտանիք: Ամրագրելով ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը` պետությունը հնարավորինս աջակցում է անապահով ընտանիքին երեխայի գոյատեւման եւ բնականոն զարգացման ապահովման հարցում, տրամադրում որոշակի սոցիալական երաշխիքներ:

«Երեխայի առողջության իրավունքը եւ առողջապահական հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ` նշելով, որ երեխաների առողջության պահպանման հիմնախնդիրը մշտապես արտացոլված է եղել առողջապահության նախարարության քաղաքական եւ ռազմավարական փաստաթղթերում: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացված «Երեխաների եւ դեռահասների առողջության եւ զարգացման 2009-2015 թթ. ազգային ռազմավարությունը եւ գործողությունների միջգերատեսչական ծրագիրը»: Երեխաների առողջության բարելավմանը միտված միջոցառումները ներառված են նաեւ կառավարության 2009-2011 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Վերջին տարիների առողջապահական ճիշտ քաղաքականության իրականացման շնորհիվ համակարգում գրանցվել են դրական արդյունքներ` փորլուծային եւ շնչառական հիվանդություններից մանկական մահացությունը 1990-2007 թթ. ընթացքում նվազել է` կրճատվելով ավելի քան 50 տոկոսով, իջել է մայրական մահացության մակարդակը, երեք անգամ աճել է կրծքով սնուցման ցուցանիշը, բարենպաստ է իրավիճակը մանկական ինֆեկցիաների տեսանկյունից. վերջին տարիներին չեն գրանցվել երեխաների դիֆթերիայի դեպքեր, 2002 թ-ից Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է «պոլիոմելիտից ազատ գոտի»: Ըստ նախարարի` երեխաների պաշտպանության կենսապահովման խնդիրներն առնչվում են նրանց առողջության, կրթական մակարդակի եւ սոցիալական կարգավիճակի հետ: Երեխաների իրավունքների պաշտպանության եւ առողջության պահպանման գործում պարոն Քուշկյանը կարեւորեց եւ կառավարության, եւ Ազգային ժողովի, եւ հասարակության, եւ ընտանիքի դերը: Այս համատեքստում նախարարը կարեւորեց նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հ/կ-ների հետ համագործակցությունը: 
  Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` երեխաների իրավունքների պաշտպանությունը բարդ եւ բազմակողմանի գործընթաց է, որին պետք է մասնակցեն ոչ միայն ծնողները, ընտանիքի անդամները, այլեւ հասարակությունը եւ պետությունը:  Պարոն Հարությունյանի խոսքով` այդ մասին է վկայում եւ ազգային օրենսդրությամբ, եւ միջազգային փաստաթղթերում ամրագրված երեխայի իրավունքը հռչակող դրույթը:  Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ  գործնականում հանդիպող խնդիրները վերաբերում են ալիմենտի վճարմանը եւ միմյանցից առանձին ապրող ծնողների կողմից երեխայի հանդեպ ունեցած իրավունքների չարաշահմանը: Նա գտնում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը պետք է դիտարկել ընտանիքի պաշտպանվածության համատեքստում: Ըստ պարոն Հարությունյանի` քիչ չեն դեպքերը, երբ երեխայի իրավունքների խախտումները հետեւանք են ընտանիքների նյութական անապահովության, սոցիալական խնդիրների, ընտանիքի անդամների  ոչ լիարժեք զբաղվածության, պարբերաբար տեղի ունեցող անախորժությունների ու վեճերի: Ընդունելով միջազգային եւ ներպետական օրենսդրությամբ հռչակված` երեխաների ընտանեկան դաստիարակության առաջնայնության սկզբունքը` պարոն Հարությունյանը գտնում է, որ պետությունը հոգածության առարկա պետք է դարձնի ոչ միայն երեխային, նրա իրավունքները, այլեւ ընտանիքը` որպես ամբողջություն. եթե ընտանիքը «առողջ է», ապա երեխայի եւ նրա իրավունքների պաշտպանվածության հավանականությունն ավելի մեծ է:

Հաջորդ զեկուցողը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանն  էր : Նրա խոսքով` անչափահասների հիմնախնդիրները բոլոր երկրներում գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Նա տեղեկացրեց, որ 1989 թ. ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիան պարտադրում է ձեռնարկել համապատասխան միջոցներ երեխաների իրավունքների պաշտպանության համար: Տիկին Դուրյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության համակարգում գործում է անչափահասների գործերով ստորաբաժանում, որի նպատակն է անչափահասներին զերծ պահել հակահասարակական արարքներից: 2000 թ-ից ՀՀ ոստիկանությունը մասնակցում է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումների գործընթացին: Տիկին Դուրյանը, ներկայացնելով վերջին տաս տարիներին կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալները, տեղեկացրեց, որ 1997 թ. արձանագրվել էր անչափահասների  կատարած 741 հանցագործություն, 1998 թ` 589, 1999 թ.` 588, 2000 թ.` 611, 2007 թ` 563 դեպք, իսկ 2008 թ. 10 ամիսների ընթացքում` 378:  2001 թ-ից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստման դասընթացներ են անցկացվում անչափահասների հետ աշխատող ոստիկանների համար: Նա նշեց, որ 2004 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ,   մշակվել է «Երեխայի հանդեպ բռնության եւ անտեսման կանխարգելման պետական հայեցակարգը, միջգերատեսչական համագործակցության սկզբունքները եւ գործողությունների կանոնակարգը», որը ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին: Նա հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս այս հայեցակարգը կգործի:

Քննարկումների ընթացքում պատգամավորները եւ շահագրգիռ այլ անձինք հարցադրումների եւ ելույթների տեսքով բարձրացրին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին հատուկ կարիքներով երեխաների կրթության իրավունքին, երեխաների նկատմամբ կիրառվող չարաշահումների եւ բռնությունների խնդիրներին: Եղան նաեւ առաջարկներ, որոնք հանձնաժողովները հաշվի կառնեն իրենց հետագա աշխատանքներում:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին քննարկումներին շահագրգիռ մասնակցության համար եւ հույս հայտնեց, որ կստեղծվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն բռնությունները երեխաների նկատմամբ: