Տպել
22.12.2008
Ֆրանսիայի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Սերժ Սմեսովին:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կարեւորելով Ֆրանսիայի խորհրդարանի հետ համագործակցության զարգացումը, նշեց, որ պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին:
ԱԺ նախագահը վստահ է, որ նրա Հայաստան այցի եւ հայաստանյան հանդիպումների արդյունքում ավելի կամրապնդվեն երկու երկրների խորհրդարանների միջեւ եղած կապերն ու ավելի կխորանա համագործակցությունը, որն իր հերթին կնպաստի այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Սերժ Սմեսովը եւս կարեւորեց միջխորդարանական կապերի զարգացումը եւ պատրաստակամություն հայտնեց գործուն աջակցություն ունենալ պարոն Լարշեի այցի կազմակերպմանը: Դեսպանի գնահատականով` ‎ֆրանս-հայկական միջխորհրդարանական կապերը դինամիկ զարգանում են, որի վկայությունն էր դեկտեմբերի սկզբին Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայաստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ փոխնախագահ Ռենե Ռուքեի այցը Հայաստան: Ֆրանսիայի Ազգային ժողովում եւ Սենատում շատ պատգամավորներ կան, ովքեր ջերմորեն են վերաբերվում Հայաստանին եւ Հայաստանի հետ համագործակցության խորացման ջատագով են: Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ ներքաղաքական ու տարածաշրջանային փոխադարձ կարեւորություն ունեցող խնդիրների: