Տպել
23.12.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցան ԱԺ մշտական երկու հանձնաժողովների նիստեր:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արմեն Ռուստամյանի  նախագահությամբ, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Հրաչյա Հարությունյանը  ներկայացրեց 2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի եւ հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ մարմիններին, հատուկ ծառայություններին հատուկ տեխնիկա ու հատու միջոցներ մատակարարելու համար արտոնյալ պայմանների սահմանումը, որը բխում է  անդամ երկրների փոխադարձ հետաքրքրություններից եւ շահերից:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը ներկայացրեց  2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության ընթացքում ստացված եւ օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը: Փոխնախարարի խոսքով` համաձայնագրով սահմանվում են  ՀՀ եւ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցության ընթացքում մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության ընդհանուր սկզբունքները: Համաձայնագրով նախատեսվում է մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների կանխման ուղղությամբ միջոցառումների իրականացում,  մտավոր գործունեության արդյունքների օգտագործման կարգը կանոնակարգող նորմատիվ ակտերի տրամադրում,  մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանության հարցերով փորձի փոխանակում եւ այլն:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց 2008 թ. հունիսի 13-ին Բրյուսելում եւ 2008 թ. օգոստոսի 8-ին Երանում ստորագրված ՀՀ եւ Եվրոպական համայնքի հանձնաժողովի միջեւ «Պարենային ապահովության ծրագիր» 2007/019-124 ֆինանսական համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել աղքատության նվազեցման ուղղությամբ կառավարության եւ հասարակության ընդհանուր ջանքերին կայուն տնտեսական աճի եւ զարգացման միջոցով, պահպանել եւ խթանել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները, հատկապես Եվրոպական հարեւանության քաղաքականությանը անցնելու ժամանակաշրջանում:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներակայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանն իրազեկեց, որ օրինագծով նախատեսվում է վերացնել մինչեւ իրավաբանական անձ ստեղծելը օրենքով պահանջվող նվազագայուն կանոնադրական կապիտալի վճարման պահանջը եւ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժող դրույթները: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պարոն Մալխասյանը պայմանավորեց բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման ընթացակարգի հստակեցմամբ: Ըստ նրա` օրենքի գործող կանոնակարգումները ոտնահարում են ընկերությունների բաժնետերերի շահերը. մասնավորեցման արդյունքում ստեղծված ընկերություններում լինում են հարյուրի հասնող փոքր բաժնետերեր, որոնք միասին տիրապետում են ընկերության բաժնետոմսերի 0,1 տոկոսը, երբեւէ չեն մասնակցում ընկերության կառավարմանը, սակայն ֆիզիկական մասնակցությամբ պայմանավորված` որոշումների ընդունումը դառնում է անհնարին: Նշվեց, որ պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունների դադարման պետական գրանցման համար հիմք ունենալու նպատակով անհրաժեշտ է, որ իրավաբանական անձը ներկայացնի գրանցված գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունների դադարման մասին որոշում, եթե այն չկա նոր ղեկավարի նշանակման մասին որոշման մեջ: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մաuին» ՀՀ oրենքում կատարվող փոփոխություններով վերանում է կնիք ունենալու պարտադիր պահանջը, չի սահմանվում կանոնադրական կապիտալի նվազագույն չափ:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ փաթեթով լուծվում են բազում խնդրահարույց հարցեր: Նա առաջարկեց պատգամավորներին դրական եզրակացություն տալ նախագծերին:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» նախագծերի փաթեթը:

Քննարկված երկու օրենսդրական փաթեթները ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն չներկայացրեց երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին:


 


26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...