Տպել
24.12.2008
Արտահերթ նստաշրջանի օրակարգում հարկային օրենքների փոփոխությունն է

Ազգային ժողովը դեկտեմբերի 24-ի արտահերթ նիստում շարունակեց հարկային փաթեթի քննարկումը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը պարզաբանումներ տվեց պատգամավորներին հուզող հարցերի վերաբերյալ` մանրամասնելով հիմնականում «Արտոնավճարների մասին» օրենքի նախագիծը:
 
Պատգամավորների հարցադրումներից եւ ելույթներից պարզ դարձավ, որ հենց այս նախագծի հետ են կապված  հիմնական անհանգստությունները եւ տարաձայնությունները: Կառավարությունն առաջարկում է գործունեության որոշ տեսակների` կոշիկի, հագուստի, գորգերի կամ երաժշտական գործիքների նորոգման,  կրկնուսուցման, պարային կամ սպորտային  խմբակների կազմակերպման եւ նմանատիպ այլ դեպքերի համար սահմանել եկամտահարկին եւ ավելացված արժեքի հարկին փոխարինող եւ պետբյուջե մուտքագրվող նոր վճար: Արտոնավճարի չափը տարբերակված է ըստ համայնքների: Մայրաքաղաքում այն կլինի տարեկան 60 հազար դրամ, իսկ, օրինակ, սահմանամերձ բնակավայրերում` 12 հազար: Ահարոն Չիլինգարյանի հավաստմամբ` արտոնավճարով գործունեություն իրականացնելու համար կգործի կամավորության սկզբունքը: Պատգամավորները հակադարձում են, որ ինքնազբաղվածությամբ ընտանիք պահող մարդկանց հաշվառելու ու հարկման դաշտ բերելու համար ճիշտ ժամանակ չի ընտրվել`  միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Այս կարծիքին է մասնավորապես  ԲՀԿ խմբակցության անդամ ոհար Ենոքյանը. նա վտանգավոր է համարում արտերկրից ստացվող տրանսֆերտների սպասվող շեշտակի կրճատման պարագայում թվարկված գործունեության տեսակների համար վճար սահմանելը` ընդհանուր առմամբ կողմ լինելով բոլորին հաշվառելու սկզբունքին: Պատգամավորը հարցնում է` մի՞թե սպառվել է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու հնարավորությունը: «ՕԵ»  խմբակցության պատգամավոր Սրծրունի Աղաջանյանն առաջարկում է նախագիծը վերանվանել «Արտոնագրերի մասին» եւ շեշտադրում չկատարել ֆիսկալ կողմի վրա: Նույն խմբակցության անդամ եւ Ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանը կառավարության ներկայացուցչին փոխանցեց ձեռներեցների առաջարկությունն այն մասին, որ արտոնավճարների համար մարդիկ դիմեն տեղական ինքնակառավարման եւ ոչ թե հարկային  մարմիններին:
Ձեռներեցները  մտահոգված են այս խմբի համար պարտադիր սոցիալական վճարներ սահմանելու հեռանկարից: Պատգամավորի գնահատմամբ, այս նախագիծը կվերաբերվի ոչ թե 4-5 հազար մարդու, ինչպես կառավարությունն է ներկայացնում,  այլ` 15-20 հազարի: Անկախ պատգամավոր  Վիկտոր Դալլաքյանը տարեվերջին այսօրինակ փաթեթ ներկայացնելը գնահատում է որպես «հարկային տեռոր»: Նրա կարծիքով` այս փաթեթը պետք է ներկայացվեր 2009 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մինչդեռ 2009 թ. բյուջեն արդեն հաստատված է:   ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը  կարծում է, որ  արտոնավճարը պետք է լինի սիմվոլիկ գումար եւ պարտադրանքի փոխարեն կիրառվեն խրախուսման եւ շահագրգռելու միջոցներ` այս մարդկանց ներգրավելով տարբեր ծրագրերում: «ՕԵ» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Մարգարյանը, նույնպես կողմ է, որ գործունեության ներկայացված տեսակներով զբաղվողները ոչ թե պարտադրանքով, այլ հրավերով մտնեն արտնովաճարների դաշտ:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը  տեղեկացրեց, որ փաթեթը, մինչ արտահերթում ներկայացվելը, գլխադասային հանձաժողովում անցել է մեկամսյա քննարկումների, այդ թվում եւ խորհրդարանական լսումների փուլ: Այս ընթացքում հանձնաժողովականների առաջարկով բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, փաթեթից հանվել վիճահարույց մի շարք դրույթներ` մասնավորապես «Ավելացված արժեքի հարկի մասին» նախագծից գյուղատնտեսական միավորումներին եւ շինարարությանը վերաբերող հոդվածները: Վարդան Այվազյանը հայտարարեց, որ նախագծերը հարկային դրույքաչափերի փոփոխություն չեն նախատեսում, ինչպես եւ չեն հետապնդում ֆիսկալ նպատակ: Քննարկման հիմնական առարկան դարձած` «Արտոնավճարների մասին» օրինագիծը նույնպես միայն դաշտը կանոնակարգելու խնդիր ունի: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ`  ողջունելի նախագիծ է, քանի որ մանր բիզնեսով` գործունեության նշված տեսակներով զբաղվող ձեռներեցները զերծ կմնան անհարկի ստուգումներից եւ ավելորդ քաշքշուկներից: Հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: Ավելի ուշ, ներայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը, Վարդան Այվազյանը նկատեց, որ փաթեթը բյուջեի նախագծի հետ չի ներկայացվել, քանի որ ֆիսկալ նպատակ չի ունեցել: Նա նաեւ նշեց, որ արտոնավճարների  գործունեության տեսակները, ինչպես նաեւ դրույքաչափերը փոփոխությոն ենթակա են, եւ սպասում են առաջարկների: Ի դեպ, տնտեսական հարցերի հանձնաժողովում նախնական քննարկումների ընթացքում արդեն իսկ որոշակիորեն նվազեցվել է նախկինում առաջարկվող դրույքաչափը: Պատգամավորը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու:  

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց նաեւ  «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների` գործադիրի առաջարկը: 

Նախագծերը նախատեսում են ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցով ելքի համար գանձվող պետական տուրքը ներառել տոմսի արժեքի մեջ:  Կանոնավոր օդային փոխադրումների դեպքում պետական տուրքը կգանձվի օդային փոխադրումների վաճառքն իրականացնող ընկերության կողմից եւ կփոխանցվի պետբյուջե,  ոչ կանոնավոր թռիչքների դեպքում, ինչպես նաեւ Հայաստանում ներկայացուցչություն չունեցող օտարերկրյա ընկերությունների օդային փոխադրումների դեպքում, ելքի գումարը կգանձվի օդանավակայանը շահագործող ընկերության կողմից:  Առաջարկվում է վերացնել ելքի տուրքի գծով գործող մի շարք արտոնություններ` այդ թվում եւ դիվանագիտական անձնագիր ունեցող եւ բարձրաստիճան այլ անձանց վրա տարածվող: Փոխարենն առաջարկվում է  մոտ տարածության վրա օդային փոխադրումները` մինչեւ 450 կմ շառավղով, ազատել նշված պետական տուրքից: Տնտեսական հարցերի հանձնաժողովը այս նախաձեռնությունը դրական է գնահատել, այս մասին նիստում հաղորդեց հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ դեռեւս մեկ տարի առաջ կար ելքի վճարն ընդհանրապես հանելու նախաձեռնություն, ինչպես նաեւ խնդրին առնչվող մեկ այլ տարբերակ` «օդի տուրքի» 10 հազար դրամը 6 հազար դրամ դարձնելու մասին: Սակայն ֆինանսական ճգնաժամի պայմաններում պատգամավորը ժամանակավրեպ է համարում դրույքաչափի վերանայումը` ասելով,  որ առայժմ կառաջնորդվեն   կառավարության նախատեսած  մոտեցմամբ: Հատկապես որ տուրքի  այս տեսակն ունի ֆիսկալ նպատակ եւ բյուջեն տարեկան համալրում է 7 մլրդ. դրամով: «Ժառանգություն» խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ այս առաջարկին կողմ կքվեարկեն, եթե կառավարությունը 2010 թ.-ից բացառի «չհիմնավորված» այս տուրքը:

Օրակարագային հաջորդ` «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով  գործունեության որոշ տեսակների համար նախատեսվում է հաստատագրված վճարով կամ ընդհանուր կարգով հարկման ընթացակարգեր ընտրելու հնարավորություն:  Ահարոն Չիլինգարյանի  տեղեկացմամբ` խոսքը որակավարում ունեցող հյուրանոցների մասին է, որոնք որոշ ծառայությունների` հանրային սննդի, վարսավիրական ծառայության,  ավտոկանգառների, համակարգչային խաղերի, բաղնիքների եւ բիլիարդի կազմակերպման համար կարող են ընտրել նշված երկու հարկատեսակներից մեկը` ըստ ցանկության: Որակավորում չունեցող հյուրանոցների համար նախատեսվում է հաստատագրված վճար` 1 ք/մ-ի համար 1500 դրամ, որը կիրառվելու է գոտիականության սկզբունքով` հաշվարկման ուղղիչ գործակիցներով: Հաստատագրված վճարով, օրինագծի ընդունման դեպքում, կհարկվեն նաեւ գեղեցկության սրահների այլ ծառայությունները` բացի վարսավիրականից:  Իսկ գազալցակայանների հարկման համար, ըստ նախագծի, հիմք կհանդիսանա ոչ թե  վաճառված, այլ ստացված գազի ծավալը: Գազալցակայանները կարող են տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ  այն դեպքում, երբ հարկատուն բոլոր կետերում կտեղադրի լիցքավորման բաշխիչ աշտարակ եւ գազի ծախսաչափ: Նախագծով հաստատագրված վճարի դրույքաչափերը նախատեսվում է բարձրացնել միայն մեկ դեպքում` խաղատների ու շահումով խաղերի ոլորտում: Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ սկզբնական տարբերակից քննարկվողը  շահեկանորեն տարբերվում է. հանգամանալից քննարկումների արդյունքում հաջողվել է հանգել արդյունավետ լուծումների: Այդուհանդերձ, հանձնաժողովի նախագահը գտնում է, որ դեռեւս կա դրույքաչափերը վերանայելու եւ նվազեցնելու հնարավորություն: Որոշ ոլորտներ կանոնակարգելու տեսանկյունից Վարդան Այվազյանը նախագիծը դրական է գնահատում: Նա ողջունում է նաեւ որակավորում չունեցող հյուրանոցների համար հաստատագրված վճար նախատեսելիս, որպես ելակետային տվյալ, հյուրանոցի տնտեսության մակերեսը դիտարկելու կառավարության մոտեցումը, ինչպես նաեւ տարբեր համայնքներում տարբեր գործակիցներ կիրառելու բանաձեւը:

Հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:  ՀՀԿ խմբակցության դրական եզրակացությունը նույնպես ներկայացրեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը: Վարդան Այվազյանը նկատեց, որ հարկային վարչարարության տեսանկյունից սա բարելավում է:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Պետական պարտքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց, որ առաջարկում են բացառություն կատարել եւ պետական երաշխիքների տրամադրման գործող սահմանափակումը չկիրառել երկու դեպքերում` պետական խոշոր գնումներ կատարելիս եւ ճգնաժամային իրավիճակներում` տնտեսության մեջ վարկային ռեսուրսների առկա պահանջարկն ապահովելու համար: Այս դեպքերում կառավարությունը նախատեսում է պետական երաշխիքը կիրառել որպես գործիք:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ հարակից 20 տասնյակից ավելի  օրինագծերից կազմված օրենսդրական փաթեթը` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Մինչ այդ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջարկեց նախ ընդունել մի շարք հոդվածներ  եւ մեկ օրենքի նախագիծ առաջին ընթերցմամբ, ապա եւ ամբողջությամբ անդրադառնալ փաթեթին: Առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները, այդ թվում եւ նոր սկզբունքները, բազմաթիվ են, ինչը պայմանավորված է հասարակական կազմակերպությունների եւ միջազգային փորձագետների հետ համատեղ քննարկումներով, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներով:  Փոխվել է   հիմնական օրինագծի վերնագիրը` այնտեղից հանվել է «տարածքային կառավարման մասին» բառակապակցությունը:  Վաչե Տերտերյանի գնահատմամբ` լրամշակված փաստաթղթերը հիմնականում համապատասխանում են Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի չափանիշներին:  Թե պատգամավորների եւ թե եվրոպացի փորձագետների հետ քննարկման հիմնական առանցքում եղել է  քաղաքապետի  երկու`  տարածքային կառավարման պատվիրակված  եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների համատեղումը: Փորձագետների գնահատմամբ` այս դեպքում կվտանգվեր քաղաքապետի  ինքնուրույնությունը եւ ինքնավարությունը:

Հիմնական զեկուցողը  ներկայացրեց, որ  նախագծում տարանջատվել են այս երկու լիազորությունները. պատվիրակված լիազորություները վերապահվել են հանրապետական  գործադիր մարմիններին` պարտադիր լիազորությունները թողնելով ՏԻՄ-ին:  Նախատեսվում է նոր դրույթ այն մասին, որ ավագանին քաղաքապետի առաջարկությամբ պետք է սահմանի վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների լիազորությունները: Ամրագրված են նաեւ ավագանու խմբակցությունների ստեղծման, ինչպես նաեւ  ավագանու մշտական հանձնաժողովների ձեւավորման կարգերը: Առաջարկվում է նոր հոդված, որը  նկարագրում է հասարակական կարգի պաշտպանության բնագավառում քաղաքապետի լիազորությունները:  Նախագծում կա նաեւ Երեւանի վարչական շրջանների սահմանները այս օրենքի հավելվածով սահմանելու պահանջ. այնտեղ ներկա սահմանները փոփոխված չեն: Երեւանի ֆինանսավորմանը վերաբերող դրույթներում տեղ են գտել մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա մայրաքաղաքի ֆինանսավորումը նվազեցնել:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի տեսակետը` Դավիթ Հարությունյանը եւս նկատեց, որ ամենասկզբունքային եւ կարեւոր փոփոխությունը քաղաքապետի պատվիրակված լիազորությունների ծավալի  կրճատումն է:   Հանձնաժողովի նախագահի խոսքերով, որքան շատ են այդ լիազորությունները, այնքան քաղաքապետը վերահսկելի է մասնագիտական տեսանկյունից, հետեւաբար եւ կախված գործադիր իշխանությունից:
Փաթեթն  ամբողջությամբ կներկայացվի դեկտեմբերի 25-ի նիստում:

Իսկ այս նիստում «Համահայկական բանկի մասին» օրենքը` կից նախագծերով, ընդունվեց առաջին ընթերցմամբ:

         


27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...