Մայիսի 5-ին ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը ընդունեց ԵԽԽՎ
միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի զեկուցող Ջոն Գրինվեյին եւ հանձնաժողովի քարտուղար Իվի-Տրիին Օդրատսին: Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ հանձնաժողովի անդամ Արամ Սաֆարյանը:
Պարոն Գրինվեյը նշեց, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրներին, քանի որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված քննարկման ժամանակ զեկույց է ներկայացվելու, որի նպատակն է նոր լուծումներ գտնել տարածաշրջանի փախստականների խնդիրների կարգավորման ուղղությամբ:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները` տեղեկացնելով, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են նաեւ փախստականների հիմնախնդիրները. իրենք արագ արձագանքում են եւ փորձում են լուծումներ գտնել: Տեղեկացվեց, որ վերջերս հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է կազմակերպել եւ մանրամասն քննարկել փախստականներին առնչվող խնդիրները: Պարոն Մնացականյանը նշեց, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները ունեցել են լուրջ հետեւանքներ` հազարավոր մարդիկ տեղահանվել են, առաջացել են սոցիալական խնդիրներ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին տեղեկացրեց, որ Հայաստանում կան 311.000 փախստականներ: Հայաստանի իշխանությունները աշխատանքներ են իրականացնում փախստականների ընդունման, տեղավորման եւ այլ առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ:
Մխիթար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց պարոն Գրինվեյին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ համագործակցության, աջակցության եւ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու համար:
Հանձնաժողովի անդամները նշեցին, որ փախստականների հոգսերը թեթեւացնելու գործում մեծ ներդրումներ ունեն նաեւ միջազգային եւ հասարակական տարբեր կազմակերպություններ:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: