Մայիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության
պատգամավորական խմբի նախագահ Արսալան Ֆաթհիփուրին եւ խմբի անդամներին:
Զրույցի սկզբում պրն. Ֆաթհիփուրը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին փոխանցեց ԻԻՀ իր գործընկերոջ` պրն. Լարիջանիի ջերմ ողջույնները եւ վերջինիս անունից վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահին հղված Իրան պաշտոնական այց կատարելու հրավերը: Հովիկ Աբրահամյանն իր երախտագիտությունը հայտնեց այդ հրավերի համար, ապա կողմերն անդրադարձան այցի կազմակերպման մանրամասներին:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Երկուստեք համաձայնությամբ կողմերը քննարկեցին օրենսդիրների կողմից հնարավոր ձեռնարկվելիք քայլերը համագործակցությունն ամրապնդելու նպատակով: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան առեւտրատնտեսական, տրանսպորտի, կապի, ինչպես նաեւ մի շարք այլ բնագավառներում առկա համագործակցության ծրագրերին: Նրանք նաեւ արծարծեցին տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը:
Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը: