Տպել
22.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 85-ամյակի առթիվ

Հարգելի պարոն Ազնավուր,
Սիրելի շանսոնյե,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 85-ամյակի առթիվ:

Ձեր կյանքն ու ստեղծագործությունը վառ օրինակ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ոտք դնել երգի ու երաժշտության, բեմարվեստի ու կինոյի ասպարեզ: Ձեր եզակի բանաստեղծական տաղանդը խոր իմաստ եւ շունչ են հաղորդել Ձեր մեղեդիներին:

Լինելով հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների ազնիվ զավակ` Դուք փոխադարձ վստահության կամուրջ եք գցել մեր երկու երկրների միջեւ: Ձեր համաշխարհային հռչակը նաեւ Հայաստանինն է, քանզի ամենուր Դուք միշտ հպարտությամբ խոսել եք Ձեր հայ լինելու մասին: Միեւնույն ժամանակ, Ձեր տաղանդն ու ստեղծագործությունը պարփակված չեն որեւէ երկրի սահմաններով եւ հասու են ամբողջ աշխարհի Ձեր բոլոր երկրպագուներին:

Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ձեր հոբելյանի օրը եւ մաղթում եմ առողջություն, ուժ ու կորով, երջանկություն ու նորանոր հաջողություններ: