Տպել
22.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Խորվաթիան հարազատ է Հայաստանին իր պատմությամբ եւ հավատարմությամբ քրիստոնյա արժեքներին»

Մայիսի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ: Հանդիպմանը նաեւ մասնակցեցին ԱԺ նախագահի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ղեկավարները:
Ողջունելով Խորվաթիայի նախագահին ԱԺ հարկի տակ` Հ.Աբրահամյանը կարեւորեց Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը եւ զարգացումը, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում: Նա նշեց, որ Խորվաթիան հարազատ է Հայաստանին իր պատմությամբ եւ հավատարմությամբ քրիստոնյա արժեքներին:

Զրուցակիցները կարեւորեցին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերը: Նրանք համաձայնեցին, որ Հայաստանում եւ Խորվաթիայում բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծումը կարող է նպաստել երկու երկրների միջեւ շփումների զարգացմանը: Կողմերը նաեւ արծարծեցին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ քննարկեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա ազդեցությանը երկու երկրների վրա:

Հայաստանի խորհրդարանի նախագահը նաեւ կարեւորեց Խորվաթիայի հաջողությունները եվրոպական չափանիշներին այդ երկիրը   համապատասխանեցնելու գործում: Նա Խորվաթիայի նախագահին հայտնեց հայկական կողմի շահագրգռությունն այդ փորձն ուսումնասիրելու հարցում:

Զրույցի  ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Խորվաթիայի համագործակցությանը վերաբերող մի  շարք հարցեր: