Տպել
22.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին

Ս.թ. մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 32-րդ լիագումար նիստի բացման ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) անունից ելույթով հանդես եկավ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան:
Այդ ելույթի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետեւյալ նամակն է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշին.

«Ս.թ. մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ ՄԽՎ-ի 32-րդ լիագումար նիստը, որի բացման արարողության ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անունից անհասկանալի ելույթ է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան` ողջույնի փոխարեն փորձելով իր ելույթում ներկայացնել խեղաթյուրված փաստեր ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկը ներկայացնող պետության պատգամավորը այդ բարձր ամբիոնից ներկայացնելով Ձեր ողջույնի խոսքը, այն օգտագործում է Հայաստանի դեմ կեղծիքներ տարածելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող արտահայտություններ հնչեցնելու համար:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը մշտապես աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ եւ բանակցային գործընթացի միջոցով կարգավորմանը եւ դրա վառ օրինակն է այս խնդրի շուրջ ԵԱՀԿ պատվավոր նախագահ, ԵԱՀԿ ԽՎ նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ պարոն Գյորան Լենմարկերի հավասարակշիռ գործունեությունը:

Անթույլատրելի եմ համարում ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցչի նման քայլը եւ հուսով եմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը չի շեղվի իր որդեգրած ուղուց»: