Տպել
03.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնակցեց Եվրոպայում ընտրական գործընթացների քննարկմանը

Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ԵԸԻԸ) կազմակերպած համաժողովին: ԵԸԻԸ-ի  ամենամյա հանդիպումն այս տարի տեղի է ունենում Երեւանում` «Ընտրական իրավունքների դատական պաշտպանությունը» խորագրի ներքո:

Պարոն Աբրահամյանը ելույթով հանդես եկավ համաժողովի բացման պաշտոնական արարողության ընթացքում:

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽՈՍՔԸ
«Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը» համաժողովի բացման արարողությանը

«Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
  Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ մասնակցել Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության ամենամյա համաժողովին, որի 18-րդ հանդիպումը որոշեցիք անցկացնել Երեւանում: Ողջունում եմ այս հարցում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցաբերած ակտիվությունը: Վստահ եմ, որ հետագայում եւս այն նույն աշխուժությամբ կշարունակի իր համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ:

Բարի գալուստ եմ մաղթում մեր եվրոպացի հյուրերին: Հուսով եմ, որ բացի համաժողովի աշխատանքին ակտիվ մասնակցելուց, դուք նաեւ ժամանակ կունենաք ծանոթանալ մեր երկրին, ծանոթանալ մեր հարուստ պատմությանն ու մշակութային ժառանգությանը եւ վայելել Հայաստանի հյուրասիրությունը:

Յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ընտրական համակարգը հանդիսանում է կարեւորագույն ռազմավարական ռեսուրսներից մեկը: Հարգելով եւ պաշտպանելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` շարունակական ջանքեր ենք գործադրում դրանց պաշտպանության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Ձեր հանդիպման համար ընտրված թեման` «Ընտրական իրավունքների դատական պաշտպանություն»-ը, անդրադարձ է մեր ժամանակներում ընտրությունների հետ կապված ամենաբարդ հարցին: Ոչ ոք չի ցանկանում պարտություն կրել ընտրություններում: Քաղաքական պայքարում պարտվելու դեպքում շատերի մոտ մեծ է լինում գայթակղությունը վիճարկել այդ ընտրությունների արդյունքները:

Հենց այդ պատճառով է, որ բոլոր ժողովրդավարական երկրները եկել են այդ հարցերն անկախ դատական իշխանության միջոցով կարգավորելու լուծմանը: Չի կարող լինել երկու ճշմարտություն, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը սուր քաղաքական մրցակցության մասին է: Եվ այդ պայմաններում միայն անկախ եւ ուժեղ դատական իշխանությունն է այն մարմինը, որը կարող է տալ վերջնական ու անբեկանելի եզրակացություն մրցակցող քաղաքական ուժերի հակասությունների վերաբերյալ:

Այսօր աշխարհի ժողովրդավարական բազմաթիվ պետություններում առկա է ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանության խնդիրը: Այս հարցում խիստ կարեւորում եմ միջազգային համագործակցությունը եւ փորձի փոխանակումը: Որպես կանոն, ժողովրդավարական բոլոր պետությունների ընտրական համակարգերում եւ մասնավորապես` ընտրական իրավունքի պաշտպանության գործում առկա են ընդհանուր ձեռքբերումներ: Միեւնույն ժամանակ, ընդհանուր են նաեւ խնդիրները, որոնց համար հնարավոր է լուծումներ գտնել միայն համատեղ ուժերով` փոխադարձաբար ուսումնասիրելով մեկս մյուսի փորձը:

Այս բնույթի հանդիպումները վկայում են, որ առկա խնդիրների բաց ու անկեղծ քննարկումներով մտահոգված են ինչպես եվրոպական բոլոր երկրներում, այդպես էլ Հայաստանում: Այս սրահում մեր օտարերկրյա գործընկերների ներկայությունը վկայում է Հայաստանի Հանրապետության` միջազգային կառույցներից մեր գործընկերների հետ աշխատանքում ամենալուրջ եւ վճռական մտադրությունների մասին:

Ընտրությունները բարդ գործընթաց են, որի մեջ ներգրավված են ոչ միայն մեր քաղաքացիները` ամբողջ հասարակությունը, այլեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքական կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարական կառավարման համակարգի կայացման համար խիստ կարեւորում եմ քաղաքացիական հասարակության իրական կայացումը:

Եզրափակելով խոսքս` մեկ անգամ եւս ողջունում եմ այս հանդիպման բոլոր մասնակիցներին եւ մաղթում եմ արգասաբեր եւ արդյունավետ աշխատանք ձեր համաժողովին:

Շնորհակալություն »:


03.09.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ընդունեց Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյորկեին: Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը:Ողջունելով հյուրին, տիկին Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի Հանրապետո...