Տպել
03.09.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ընդունեց Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյորկեին: Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը:

Ողջունելով հյուրին, տիկին Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի Հանրապետության որդեգրած արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը` եվրոպական ինտեգրացիան, այդ թվում նաեւ` ԵՄ «Արեւելյան գործընկերություն»  ծրագիրը:  Հանձնաժողովի նախագահ տիկին Զոհրաբյանը կարեւորեց ԵՄ  խորհրդատուների աշխատանքը Հայաստանում եւ հույս հայտնեց, որ առաջիկայում Ազգային ժողովում նույնպես կնշանակվի  ԵՄ-ի խորհրդատուն: Անդրադառնալով  հանձնաժողովի աշխատանքներին` տիկին Զոհրաբյանը նկատեց, որ հանձնաժողովը կարիք ունի վերապատրաստված ու պրոֆեսիանալ փորձագետների եւ առաջարկեց Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերի շրջանակում դասընթացներ կազմակերպել նաեւ հանձնաժողովի փորձագետների համար,  ինչը հնարավորություն կտա  առավել արդյունավետ դարձնել ՀՀ օրենսդրությունը  եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործընթացը: Նա շեշտեց, որ խորհրդարանի աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը հատկապես կարեւորում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ այդ ուղղությամբ կատարվում են որոշակի աշխատանքներ:

Ի թիվս այլ ծրագրերի, որոնք հանձնաժողովը մտադիր է իրականացնել, նախատեսվում է խորհրդարանի «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում  անցկացնել «Եվրոպական շաբաթ խորհրդարանում» միջոցառումը, ինչը եւս կնպաստի հանրությանը  եվրոպական ինտեգրացիան իր ողջ ծավալով ներկայացնելուն:

Այս եւ այլ ծրագրերի շուրջ ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ:

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյորկեն նշեց, որ իր ղեկավարած խորհրդատավական խումբը հնարավորը կանի լավագույնս համագործակցելու համար: