Սեպտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու ՀԿ-ների եւ հանձնաժողովի համագործակցության շրջանակները, ուժային կառույցների հասարակական վերահսկողության խնդիրները:
Պարոն Կարապետյանը այդ համագործակցությունը կարեւորեց ազգային անվտանգության ապահովման, օրենսդրական դաշտում եղած թերությունների բացահայտման ու շտկման, օրենքների հետեւողական կիրառման, ինչպես նաեւ հասարակական իրազեկման տեսանկյունից:
ՀԿ-ների ներկայացուցիչները խոսեցին պաշտպանության, ոստիկանության համակարգերում առկա թերությունները քաղաքացիական վերահսկողության ճանապարհով շտկելու անհրաժեշտության մասին եւ ներկայացրին իրենց առաջարկները:
Արդյունավետ համագործակցություն իրականացնելու նպատակով որոշվեց քննարկումներ կազմակերպել կոնկրետ հարցերի վերաբերյալ` հրավիրելով նաեւ խնդրին առնչվող գործադիր մարմնի ներկայացուցիչներին, համատեղ այցեր կազմակերպել տարբեր գերատեսչություններ եւ անմիջական շփումների միջոցով ծանոթանալ ժողովրդին հուզող խնդիրներին:
Պարոն Կարապետյանը կարեւորեց ՀԿ-ների մասնագիտական խորհրդատվության դերը եւ համոզմունք հայտնեց, որ ՀԿ-ների հետ հանձնաժողովի համագործակցությունը կլինի խիստ գործնական, իսկ կատարվելիք քայլերը` հետեւողական: