Տպել
24.09.2009
Քննարկում հանձնաժողովում

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ   կազմակերպել էր քննարկում «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում կառավարության հեղինակած փոփոխությունների վերաբերյալ:

Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության վարչության պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը ներկայացրեց, որ գործող օրենքով ջրի որակի նորմերը սահմանում է ստանդարտացման պետական լիազոր մարմինը, եւ որ ստանդարտը պարտադիր կատարման նորմ չէ: Հաշվի առնելով ջրային ռեսուրսների նորմերի խիստ մասնագիտական բնույթը եւ ջրի որակը բարելավելու անհրաժեշտությունը` հեղինակներն առաջարկում են նորմերի սահմանումը վերապահել կառավարությանը` փաստաթուղթը դարձնելով իրավական ակտ եւ պարտադիր կատարման ենթակա: ործադիրն այդ նորմերը կսահմանի` հիմնվելով  գիտական հաստատությունների ուսումնասիրությունների եւ շահագրգիռ գերատեսչությունների պահանջների վրա: Բացի դա, նորմերը կլինեն եվրոպականին համահունչ: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի բնորոշմամբ` իրավական հիմքերի ապահովումն անհրաժեշտ քայլ է ջրի որակը բարելավելու ճանապարհին. պարտադիր նորմերի սահմանումը կընձեռի  նաեւ դրանք խախտելու դեպքում պատասխանատվության ենթարկելու հնարավորություն: Փոխնախարարը նկատեց, որ նորմերը կսահմանվեն կառավարության միասնական որոշմամբ, իսկ վերահսկողությունը կիրականացնեն գերատեսչությունները` ըստ լիազորությունների: Քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ այսօր ջրի որակին առնչվող խնդիրներ կան, ինչի առնչությամբ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին: Հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն էլ նկատեց, որ  հիվանդությունների 50 տոկոսի պատճառն անորակ ջուրն է, եւ որ աշխարհում տարեկան 25 մլն. մարդ է մահանում դրա պատճառով, հետեւաբար պարտավոր են պատշաճ ուշադրություն դարձնել ջրի որակի ապահովմանը:     


24.09.2009
Եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
        Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց  Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչի գլխավորած պատվիրակության ...