Տպել
29.09.2009
Ակնկալվում է արդյունավետ համագործակցության վերսկսում

Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջատինդեր Չիմային: Հանդիպման առանցքում USAID/ARMENIA ընդհատված ծրագրի վերսկսման, աշխատանքների կազմակերպման ընթացքի, ոլորտների ընտրությանն առնչվող հարցերն էին:

ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները, փաստեց, որ ԱԺ նախագահը կարեւորում է USAID/ARMENIA ծրագրի շարունակականությունը եւ համագործակցությունը: Տիկին Պետրոսյանը ներկայացրեց իր մոտեցումները աշխատանքների կազմակերպման եւ համագործակցության հետագա հարցերի շուրջ:

Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակներում ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական վերազինմանն առնչվող կոնկրետ հարցեր: Երկուստեք կարեւորվեց հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը, ինչը կհստակեցնի համագործակցության շրջանակը եւ արդյունքները: