Տպել
29.09.2009
Գեղարքունիքի համայնքապետերը խորհրդարանում

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին խորհրդարան էին հրավիրվել Գեղարքունիքի մարզպետը, համայնքապետերը, պետական գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` քննարկելու «Սեւան» ազգային պարկի հարակից տարածքների օգտագործման հարցը:

Հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մարզի 56 համայնքների ղեկավարներ դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին`  2008 թ. դեկտեմբերի 18-ի կառավարության N  1563-Ն որոշումը վերանայելու խնդրանքով: Այդ որոշմամբ Գեղարքունիքի մարզի 59 համայնքների` «Սեւան» ազգային պարկի  սահմանից դուրս գտնվող 500 մետր լայնությամբ շերտն ընդգրկող տարածքները համարվել են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ եւ դրանց օտարման, կառուցապատման եւ օգտագործման իրավունքի տրամադրումը վերապահվել է կառավարության մեկ այլ որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին: Ինչպես ներկայացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ  Բագրատ Կռոյանը, նշված տարածքները  գտնվում են 1905 մ-ից` Սեւանի ջրի մակարդակի ծրագրված բացարձակ նիշից բարձր գոտում եւ հիմնականում հանդիսանում են քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ համայնքային սեփականություն: Նրա գնահատմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով նշված տարածքները օգտագործելու դեպքում  սեփականատերերի համար ստեղծվում են լրացուցիչ դժվարություններ: Մարզպետարանի ներկայացուցիչը նաեւ տեսակետ հայտնեց, որ կառավարության  որոշման այդ պահանջը հակասում է «Հողային օրենսգրքին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել համայնքապետերին հուզող կետը` գերատեսչական հանձնաժողովին վերաբերող մասը հանելու որոշման նախագիծ: Փոխնախարարը   պարզաբանեց, որ Սեւանա լճի անմիջական ազդեցության էկոլոգիական գոտին դեռեւս 2001 թ. ընդունված օրենքով է ճանաչվել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտի, իսկ 500 մետր լայնությամբ գոտին այն ռեզերվն է, որը, լճի մակարդակը նախանշված ցուցանիշին հասցնելու  եւ ազգային պարկի տարածքները կրճատվելու դեպքում, կարող է օգտագործվել ռեկրեացիոն նպատակներով: Հարցի քննարկումը առիթ հանդիսացավ, որ քաղաքաշինության փոխնախարարը մեկ անգամ եւս հանդես գա  համայնքների հատակագծերը մշակելու  հորդորով` նշելով այդ ծրագրային փաստաթղթի կարեւորությունը այսօրինակ խնդիրներից զերծ մնալու համար: Նա նկատեց, որ այսօր համայնքները հիմնականում չունեն հատակագծեր: Հատակագծի առկայության  պայմաններում օրակարգից դուրս է գալու տարբեր գերատեսչություններից նշված տարածքների օգտագործման համար թուլտվություն ստանալու հարցը, իսկ մինչ այդ համայնքի բնակիչները պարտավոր կլինեն օրինակ` կառուցապատում կատարել քաղաքաշինության նախարարության համաձայնությամբ:

Քննարկման մասնակիցները խոսեցին նաեւ մարզի բնապահպանական,  սոցիալական խնդիրներից:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ներկաների մտահոգությունները եւ պարզաբանումները լսելով, նշեց հարցը հանձնաժողովի առաջիկա նիստում մեկ անգամ եւս քննարկելու եւ հնարավոր լուծումները գտնելու պատրաստակամության մասին:


 


29.09.2009
Պաշտոնական այցով Իրանում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը
Սեպտեմբերի 29-ին սկսվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:Կեսօրին, Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց ԻԻՀ Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբութոռաբիֆարդը, ում հետ պ...

29.09.2009
Ակնկալվում է արդյունավետ համագործակցության վերսկսում
Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջատինդեր Չիմային: Հանդիպման առանցքում USAID/ARMENIA ընդհատված ծրագրի վերսկսման, աշխատանքների կազմակերպման ընթացքի, ոլորտների ընտրությանն առնչվող հարցերն էին: ԱԺ փ...