Տպել
01.10.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բելգիայի Սենատի նախագահին

Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին:

Ողջունելով հյուրին` պրն. Աբրահամյանը հայտնեց իր վստահությունը, որ Բելգիայի Սենատի նախագահի այցը կնպաստի երկու բարեկամ երկրների համագործակցության զարգացմանը: Նա իր գոհունակությունը հայտնեց հայ-բելգիական շփումների արդյունավետության կապակցությամբ եւ ընդգծեց, որ դրանք կարելի է էլ ավելի խորացնել, հատկապես, առեւտրատնտեսական եւ միջխորհրդարանական համագործակցության բնագավառներում: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների պատգամավորների շփումները անհրաժեշտ է դարձնել պարբերական` այդպիսով զարկ տալով քաղաքական երկխոսությանը:

Հայաստանի խորհրդարանի նախագահը Բելգիայի Սենատի նախագահին շնորհակալություն հայտնեց 1998թ. մարտի 16-ին Բելգիայի խորհրդարանի վերին պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւն ընդունելու կապակցությամբ: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստանի համարձակ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ այսօր իրականություն է դառնում  այդ բանաձեւի այն դրույթը, որը հորդորում էր Թուրքիային առանց նախապայմանների բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրները: Իր հյուրի խնդրանքով պրն. Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցերում: Զրուցակիցներըը նաեւ անդրադարձան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը երկու երկրների տնտեսությունների վրա: