Տպել
01.10.2009
Բելգիայի Սենատի նախագահը հանդիպեց ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ


Հոկտեմբերի 1-ին Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի  գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպեց ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը` խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին, համոզմունք հայտնեց, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Պարոն Մինասյանը նշեց, որ եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ այդ ճանապարհին կարեւորեց Բելգիայի զորակցությունը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` պարոն Մինասյանն ընդգծեց, որ հարաբերությունների կարգավորման այդ բարդ ու դժվարին ճանապարհին Հայաստանն ակնկալում է եվրոպական կառույցների աջակցությունը: Այս համատեքստում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անկախ Հայաստանի պատմության ընթացքում համարձակ քայլ դիտարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը` հավելելով, որ այս հարցում ՕԵԿ-ը ողջունում եւ աջակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարեւորեց հայ-թուրքական հարցի լուծումն առանց նախապայմանների, ինչը, ըստ պարոն Սաֆարյանի, լիովին չի արտահայտված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում:

Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերն արձանագրեց, որ Բելգիայի խորհրդարանը հետաքրքրությամբ հետեւում է Հայաստանի  եվրաինտեգրման գործընթացին, եւ  նրա դիտարկմամբ` Հայաստանում  լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում, առաջընթացը զգալի ու  նկատելի է: Պարոն Դեկերը բարձր գնահատեց Բելգիայի հայ համայնքի դերակատարումը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում հայ-բելգիական հարաբերությունների զարգացման հարցում: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նա հույս հայտնեց, որ հայկական հարցը իր դրական լուծումը  կգտնի, կբարելավվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները. այս հարցում պարոն Դեկերն առաջարկեց  Բելգիայի խորհրդարանի  աջակցությունը: Այս համատեքստում նա հիշեցրեց, որ դեռեւս 11 տարի առաջ Բելգիայի Սենատն ընդունել է բանաձեւ հայոց ցեղասպանության մասին, որն անհրաժեշտ է համարում ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: