Տպել
05.10.2009
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը


Հոկտեմբերի 5-ին  Ազգային ժողովի  հերթական քառօրյա նիստն սկսվեց չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների հաստատումով:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց օրենքի նախագծի հեղինակ Արտակ Դավթյանը:

Ըստ բանախոսի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի ընդհանուր տրամաբանությանը համապատասխան` անհրաժեշտ է սահմանել, թե «ժը.1» ենթակետում սահմանված իրավասությունը ինչ բնույթի իրավական ակտով պետք է ընդունվի` նորմատի՞վ, թե՞ անհատական: Քանի որ խոսքը վերաբերում է հեռարձակման կարգավորող անկախ մարմնի անդամի թափուր տեղի ընտրության կարգին, որի մեջ սահմանվելու են դրույթներ, որոնք, ըստ էության, համապատասխանում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում տրված նորմատիվ իրավական ակտի սահմանմանը, ապա ակտն իր բնույթով պետք է լինի նորմատիվ:

Քննարկվեց նաեւ «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է վարկային կամ դրամաշնորհային նպատակային ծրագրերի ընթացքին նպաստելու նպատակով «ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 20-րդ կետով` ստանալու Ազգային ժողովի թույլտվությունը, ինչը նախատեսվում է բյուջեի 3 տոկոսը գերազանցելու դեպքում, վերաբաշխելու այդ վարկերը: Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերը նշված նպատակներով միջծրագրային վերաբաշխումները ընթացիկ տարում կատարվել են նաեւ մինչեւ սույն օրենքի նախագծի ներկայացումը, ուստի եւ նախագծով առաջարկվում է սահմանել, որ վերջինիս գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո  կատարված միջծրագրային վերաբաշխումների վրա: Նախագծով առաջարկվում է նաեւ օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետի դրույթը հստակեցնող լրացում:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նախագծի նպատակն է ՀՀ պետական բյուջեի կորուստների հնարավոր բացառումը, որը կարող է տեղի ունենալ այլ երկրների ներքին օրենսդրության փոփոխությունների հետեւանքով` կապված այդ երկրների ռեզիդենտ կազմակերպությունների շահաբաժինների չհարկման դրույթի ներդրմամբ:

Տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ երկրներում ներդրողները ազատվում են շահաբաժինների հարկումից: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածում նշված է, որ եթե օտարերկրյա ներդրողի ռեզիդենտության պետությունում շահաբաժինները չեն հարկվում, ապա հայկական կազմակերպությունից այդ օտարերկրյա ներդրողի ստացված շահաբաժինները Հայաստանում եւս չեն հարկվում: Արդյունքում ստացվում է, որ հայկական կազմակերպություններից ոչ ռեզիդենտների ստացված շահաբաժինների հարկումը Հայաստանում կախված է այլ երկրներում գործող օրենսդրությունից:

Նախագծով առաջարկվում է հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացած շահաբաժինները հարկել 10% դրույքաչափով` անկախ ոչ ռեզիդենտների ռեզիդենտության երկրներում շահաբաժինների հարկման կամ չհարկման հանգամանքից:

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի տեղեկացմամբ` մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 83.3 հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի` բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը:

«Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ըստ նախագծի համահեղինակ Հակոբ Հակոբյանի, կվերացնի գործող օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետի եւ 8-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում առաջացած հակասությունը:

Ազգային ժողովը քննարկեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն   կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱ ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի համաձայն` ազգային անվտանգության մարմիններում գլխավոր խմբի պաշտոնի ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը` վերջինիս կողմից սահմանված կարգով: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը համարվում է գլխավոր խմբի պաշտոն, որին նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը` ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Վերոնշյալ օրենքների միջեւ առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով` առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում: Բացի այդ` նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է շտկել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2004 թվականի դեկտեմբերի 14-ի օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում տեղ գտած խմբագրական անճշտությունը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը (երկու նոր հոդվածները քննարկվեցին առաջին ընթերցմամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում 2009-2012 թթ. համագործակցության ծրագիրը եւ ՀՀ 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...