Տպել
28.10.2009
Հովիկ Աբրահամյան. «Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի»

Հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպման առանցքում  առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացն էր:

Պրն Աբրահամյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում եւ շեշտեց, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի: Այդ համատեքստում նա ընդգծեց, որ այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որեւէ միակողմանի պարտավորություն եւ դիմել է այդ քայլին երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով:  ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրեց ԵՄ հատուկ ներկայացուցչին, որ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրություններն, ապա հայկական կողմն առանց հապաղելու կձեռնարկի համապատասխան համարժեք քայլեր: