Տպել
03.11.2009
Խորհրդարանական հանձնաժողովներում բյուջետային քննարկումները շարունակվում են

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտների 2010 թվականին նախատեսված ֆինանսական հատկացումները:

Նշված ոլորտներին նախատեսված ֆինանսական  հատկացումները ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Առավել մանրամասն իրականացվելիք ծրագրերը եւ դրանց համար հատկացվելիք գումարները ներկայացրեցին ոլորտների պատասխանատուները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ կրթության ոլորտին 2010 թվականին նախատեսվում է հատկացնել 95 մլրդ 497 մլն դրամ, առանց ապարատի պահպանման ծախսերի, որի համար կհատկացվի 472 մլն դրամ: Ծախսերի նվազումը ՀՀ 2009 թվականի ճշտված պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 31124.0 մլն դրամ, իսկ սպասվելիք կատարողականի նկատմամբ` 13430,4 մլն դրամ: 90 մլրդ դրամ կօգտագործվի կրթության  ընթացիկ ծախսերի համար, 3,5 մլրդ դրամ կծախսվի կապիտալ շինարարության նպատակով:

Կրթության ոլորտում գերակա համարվող հանրակրթությունը կֆինանսավորվի 65483.5 մլն դրամով, ինչն այս տարվա գումարից պակաս է 1,5 տոկոսով: Ուսուցիչների աշխատավարձը մեկ դրույքի հաշվարկով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, նախատեսվում է հասցնել 116,6 հազ. դրամի, վարչական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 171,1հազ. դրամի, իսկ ուսումնաօժանդակ ու տնտեսական դրույքներինը` 37,0 հազ. դրամի: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների աշխատավարձը հասցվել է 61 հազ. դրամի, ինչը պատգամավորներից ոմանց կարծիքով բավարար չէ, քանի որ նրանք եւս  կատարում են նույն աշխատանքը, ինչ հանրակրթական դպրոցների ուսուցիչները:

Գիտության ոլորտին նախատեսվում է հատկացնել 8 մլրդ 356 մլն դրամ. այստեղ ծախսերի կրճատում չի նախատեսվում, պահպանվել են 2009 թվականի ցուցանիշները:

Սփյուռքի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 245,5 մլն դրամ, առանց ապարատի պահպանման ծախսերի, որի համար առանձնացված գումարը 181 մլն դրամ է: Հատկացվող գումարը 150մլն դրամով ավել է  նախորդ տարվանից:

Հանգստի, կրոնի, մշակույթի ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 15 մլրդ դրամ, ինչն այս տարվա գումարից պակաս է 5,6 տոկոսով: Մասնավորապես, մշակույթի ոլորտին հատկացվելու է 8 մլրդ 880 մլն դրամ, որը եւս փոքր-ինչ պակաս է 2009-ի գումարից: Այս ոլորտում ավելացել է մեկ ծրագիր եւս` Հայաստանում պատմամշակութային հուշարձանների վավերագրում, որի իրականացման համար կհատկացվի 36.7 մլն դրամ: 322.9 մլն դրամ նախատեսվում է հատկացնելՀայաստանում պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական հաշվառմանը, 4 մլն դրամ կուղղվի Թբիլիսիում հայ գրողների պանթեոնի պահպանմանը:

Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի համար կհատկացվի 4,3 մլրդ դրամ, այստեղ եւս էական փոփոխություններ չեն կատարվել: 20 մլն հավելյալ գումար նախատեսված է հատկացնել տնտեսական վերլուծությունների իրականացմանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ծախսերի համար նախատեսված է 128 մլն դրամ, որի ավելացումը պայմանավորված է հանձնաժողովի նոր անդամների աշխատավարձերով:

Շահագրգիռ քննարկման ընթացքում պատգամավորները հնչեցրին բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ, որոնք կքննարկվեն կառավարությունում:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում օրենսդիրները տեղեկացան 2010 թ.-ին երեք ոլորտների` գյուղատնտեսության, բնապապանության եւ ջրային տնտեսության համար ծրագրված ծախսերի մասին:

Ֆինանսներրի փոխնախարար Պավել Սաֆարյանի ներկայացմամբ` գյուղատնտեսության ոլորտին գալիք տարի կտրամադրվի 4 մլրդ. 659 մլն. դրամ` առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի եւ վարկային միջոցների: Այս ցուցանիշը 2,3 մլրդ. դրամով զիջում է ընթացիկ տարվա համադրելի ցուցանիշը. 2009 թ. սպասվող ծախսերի մակարդակը կկազմի  6,9 մլրդ. դրամ: Ըստ փոխնախարարի, կրճատված գումարի գերակշիռ մասը կապիտալ ծախսերն են: ործադիրն այս  ոլորտում ծրագրեր իրականացնելու համար նախատեսում է ներգրավել նաեւ  արտաքին ֆինանսական միջոցներ` շուրջ 4,5 մլրդ. դրամի վարկեր եւ դրամաշնորհներ:

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը պատգամավորներին ծանոթացրեց գալիք տարում իրականացվելիք ծրագրերի ու աշխատանքների մասին: Բյուջետային միջոցներով կիրականացվեն բույսերի պաշտպանության միջոցառումներ` 150 մլն. դրամի չափով,  «Սակավապահով ֆերմերներին դրամաշնորհային աջակցություն» ծրագրով կհատկացվի 340 մլն. դրամ, գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ախտորոշման եւ փորձաքննության համար նախատեսվել է 185 մլն. դրամ, հողօգտագործողներին որպես պետական աջակցություն կտրամադրվի 1 մլրդ դրամ եւ այլն: Անտառների պահպանության նպատակով նախատեսվել է 750 մլն. դրամ: Համաշարհային բանկի միջոցներով 2010 թ.-ին կիրականացվեն թռչնագրիպին հակազդելու, «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության  զարգացման լրացուցիչ» եւ «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերը: յուղատնտեսության նախարարությունը, ըստ ոլորտի պատասխանատուի, ներկայացրել էր 17 մլրդ. դրամ ծախսերի հայտ: Նախարարության ապարատի պահպանման համար 2010թ-ին կծախսվի 730 մլն. դրամ:

Բնապահպանության ոլորտի համար գլխավոր ֆինանսական փաստաթղթում ներկայացված է 1 մլրդ. դրամի ծախս` առանց ապարատի պահպանման ծախսերի եւ վարկերի: Ֆինանսների փոխնախարարը նկատեց, որ այս բնագավառում, 2009 թ.-ի  համեմատությամբ,  էական փոփոխություններ չկան: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հավելեց, որ նախարարության ապարատի պահպանման ծախսերը նվազել են 2,8 տոկոսով եւ 2010 թ.-ի համար կազմել 819 մլն. դրամ: Կենսաբազմազանության եւ բնության պահպանության նպատակով  նախատեսվում է հատկացնել 769 մլն. դրամ` այդ թվում Սեւանի ջրածածկ անտառտնկարկները մաքրելու եւ «Սեւան» ազգային պարկի պահպանման համար: Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունն ապահովելու համար բյուջեի նախագծում ծրագրվել է  440 մլն. դրամ: Ջրային օբյեկտների եւ եւ օդային ավազանի մոնիտորնիգի ծրագիրը փաստաթղթում գնահատվել է 112 մլն. դրամ, ձկան պաշարների համալրման ծրագիրը` 60 մլն. դրամ: Ընդհանուր առմամբ` ոլորտում կիրականացվի 23 ծրագիր:

Ջրային տնտեսությանն ուղղվելիք միջոցները, Պավել Սաֆարյանի ներկայացմամբ, 5 մլրդ 924 մլն. դրամ է` առանց ապարատի պահպանման ծախսերի ու վարկային միջոցների: Սա 33 տոկոսով քիչ է ընթացիկ տարվա սպասվող կատարողականից: Այս ոլորտի համար ծրագրված վարկերը եւ դրամաշնորհները կկազմեն շուրջ 33 մլրդ. դրամ:  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը որպես 2010թ.-ին իրականացման ենթակա խոշոր ծրագրեր առանձնացրեց  «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում»  ծրագիրը, որի շրջանակներում 44 ջրօգտագործող ընկերությունների կհատկացվի 4 մլրդ. 756 մլն. դրամ` ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը ծածկելու նպատակով, եւ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման եւ նորոգման ծրագիրը` 226 մլն.դրամ արժողությամբ: Խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորման համար կտրամադրվի 811 մլն. դրամ:  Վարկային եւ դրամաշնորհային միջոցներով եւս համակարգում կիրականացվեն ծրագրեր` հիմնականում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:



16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...