Տպել
07.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզ

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզ: Մարզպետարանում աշխատանքային կարճատեւ խորհրդակցությունից հետո ԱԺ նախագահը հյուրընկալվեց ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպությունում:

Կեսօրին Վանաձորում կայացավ «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից անցկացվող հայ ազգային պոեզիային նվիրված ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի հերթական մարզային փուլը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

Փառատոնին մասնակցում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խոսքի մանկապատանեկան ստուգատեսում ողջույնի խոսքով հանդես եկան ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը եւ այլք: Մեծ լոռեցու 27 հետնորդները ասմունքի համար ընտրել էին ոչ միայն Չարենցի, Իսահակյանի, Սահյանի, Սեւակի, այլեւ Վանաձորի ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից: Ժյուրիի անաչառ գնահատանքի արդյունքում 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 6 մասնակիցներ հաղթող ճանաչվեցին: Հաղթողներն արժանացան պատվոգրերի, իսկ փառատոնի մյուս մասնակիցները ստացան շնորհակալագրեր:

Տեղեկացնենք նաեւ, որ ասմունքի յուրօրինակ տոնին արդեն մասնակցել են Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերի շնորհալիները: Նոյեմբերի 27-ին տեղի կունենա փառատոնի եզրափակիչ փուլը, իսկ 28-ին` գալահամերգը:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ: Մանկատանն ապրում են 0-18 տարեկան 97 երեխաներ, որոնց խնամքն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը եւ մանկատան սաներն ու շրջանավարտները Հովիկ Աբրահամյանին տեղեկացրին իրենց խնդիրների մասին: Բնակարանային ապահովման ու ջեռուցման խնդիրները առաջնային էին մանկատան ղեկավարության ու սաների համար: Նախորդ տարի պետական աջակցությամբ բնակարանամուտ են տոնել շրջանավարտների երեք ընտանիքներ: Մանկատան տնօրենը նշեց, որ երեխաները մեծ հույսեր են կապում պետության հետ, քանզի պետությունն է նրանց միակ հենարանը: Նրանք բարձրացրին նաեւ սաների` մանկատունը ոչ թե 18, այլ 21 տարեկանում լքելու առաջարկը: «Երբ մանկատան սանի 18 տարին լրանում է, նա, համաձայն օրենքի, դուրս է գալիս մանկատնից, եւ դրանից հետո դժվարանում է ընտելանալ ինքնուրույն կյանքին: Մինչ այդ նա մանկատանը լավ խնամք է տեսել, սակայն արդեն հասարակության մեջ ապրելով` խնդիրներ է ունենում` կապված աշխատանքի, մասնագիտության, բնակարանի եւ սոցիալական վիճակի հետ: Միգուցե երեխային տալիս ենք բնակարան, սակայն նա աշխատանք չունի եւ ի վիճակի չէ նույնիսկ իր կոմունալ ծախսերը հոգալու: Կան սաներ, որ ավարտել են բուհեր, սակայն չեն աշխատում իրենց մասնագիտությամբ: Կան սաներ, ովքեր հերթագրվել են` բնակարան ստանալու համար, սակայն մինչ օրս չեն ստացել. նրանցից մի մասն ապրում է վարձով, մի մասը` բարեկամների, ընկերների մոտ»,- ասաց Արշալույս Հարությունյանը: ԱԺ նախագահը խոստացավ ոչ միայն վերանայել օրենսդրությունը, այլեւ ձմեռնամուտին լուծել բնակարանների ջեռուցման խնդիրը: «Մեր երեխաները մեր ապագան են, եւ եթե յուրաքանչյուրս մի խնդիր լուծենք, ապա ամեն ինչ լավ կլինի»,-հավելեց պարոն Աբրահամյանը: Խորհրդարանի ղեկավարը շրջեց մանկատան սենյակներով, ծանոթացավ պայմաններին, չհրաժարվեց նաեւ սաներից մեկի` սեղանի թենիս խաղալու առաջարկից: 12-ամյա պատմություն ունեցող մանկատուն ԱԺ նախագահը ձեռնունայն չէր գնացել. հյուրասիրությունից հետո երեխաներին բազմաթիվ նվերներ էին սպասում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց նաեւ մանկատան շնորհալիների կազմակերպած համերգին: Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը ԱԺ նախագահին փոխանցեց մանկատան երեխաների ձեռքով պատրաստած նվերը: Այցի վերջում խորհրդարանի ղեկավարը հիշատակի եղեւնի տնկեց մանկատան բակում:


07.11.2009
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ամենայն Հայոց կաթողիկոսին
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Աթոռի վեհարանում խորհրդարանի նախագահին եւ նրան ուղեկցող անձանց ընդունեց Վեհափառ Հայրապետը։ Հայ առաքելական եկեղեցու օրացույցով նոյեմբերի 4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության...