Տպել
11.11.2009
Նոր համակարգ բնապահպանության ոլորտում

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը  նոյեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով: Հանձնաժողովը նպատակահարմար էր գտել  փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո մեկ անգամ եւս շահագրգիռ կողմերի` ԱԺ պատգամավորների, պետական գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների եւ տնտեսավարողների մասնակցությամբ անդրադառնալ ինքնահսկման համակարգի ներդրման պայմաններին: Ստացված առաջարկությունները կքննարկվեն հանձնաժողովում:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն իր բացման խոսքում  նոր համակարգի ներդրումը համարեց շրջակա միջավայրին սպառնացող վտանգները չեզոքացնելու եւ կանխարգելելու  նոր հնարավորություն: Նա կարեւոր համարեց  այս գործընթացը հասարակության համար բաց կազմակերպելու համար օրենսդրական ձեւակերպում գտած` տեղեկատվության մատչելիության մասին դրույթը:

Օրենսդրական փաթեթի մասին ներկաներին մանրամասներ հաղորդեց բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչության պետ Ջուլիետա Ղլիչյանը: Նա նախ ներկայացրեց  օրենսդրական փաթեթի գաղափարախոսությունը` իրավաբանական անձանց կողմից իրենց արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած եւ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նույթերի եւ հումքի նկատմամբ ինքնահսկումը:  Ըստ նախագծի ձեւակերմպման` ինքնահսկումը չափագրման եւ հաշվարկային մեթոդով կազմակերպության կողմից իր արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած աղտոտող նյութերի  որակի ու քանակի դիտարկումներով շրջակա միջավայրի վիճակի բնապահպանական օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատման գործընթաց է: Ընդ որում, կազմակերպությունն իր միջոցներով է իրականացնելու այն եւ շրջակա միջավայրի վիճակի մասին հաշվտեվություններ է ներկայացնելու պետական լիազոր մարմնին, ինչպես նաեւ ապահովելու է տեղեկատվության մատչելիությունը հասարակության համար: Մասնագետների գնահատմամբ` այս մոտեցումը կկանխարգելի նաեւ բնական ռեսուրսների գերշահագործումը: Օրենսդրական փաթեթում ամրագրված են այն չափորոշիչները եւ հիմքերը, որոնց առկայության պարագայում   կազմակերպությունը պետք է իրականացնի ինքնահսկում: Տկն. Ղլիչյանի նախնական հաշվարկով` հանրապետությունում այդպիսի ընկերությունները երեսունն են, իսկ ցանկը հաստատելու է կառավարությունը: Օրինագծի ընդունման դեպքում` նրանց կտրվի երկու տարի ժամանակ` ինքնահսկման համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով: Լսումներին ներկա տնտեսավարողները մտահոգություն հայտնեցին, որ ինքնահսկումը լրացուցիչ պարտավորություն է իրենց համար, եւ որ վաղ է մեր հանարպետությունում այս համակարգը կիրառել: Ջրային ռեսուրսները տնօրինող կառույցների ներկայացուցիչներն էլ կարծիք  հայտնեցին, որ ինքնահսկման ենթակա ընկերությունների ցանկում իրենց պետք է ներառեն միայն մաքրման կայաններ տեղադրելուց հետո:  Նշենք, որ ինքնահսկման նորմերը չկատարելու կամ խախտելու համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն: