Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով: Հանձնաժողովը նպատակահարմար էր գտել փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո մեկ անգամ եւս շահագրգիռ կողմերի` ԱԺ պատգամավորների, պետական գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների եւ տնտեսավարողների մասնակցությամբ անդրադառնալ ինքնահսկման համակարգի ներդրման պայմաններին: Ստացված առաջարկությունները կքննարկվեն հանձնաժողովում:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն իր բացման խոսքում նոր համակարգի ներդրումը համարեց շրջակա միջավայրին սպառնացող վտանգները չեզոքացնելու եւ կանխարգելելու նոր հնարավորություն: Նա կարեւոր համարեց այս գործընթացը հասարակության համար բաց կազմակերպելու համար օրենսդրական ձեւակերպում գտած` տեղեկատվության մատչելիության մասին դրույթը:
Օրենսդրական փաթեթի մասին ներկաներին մանրամասներ հաղորդեց բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչության պետ Ջուլիետա Ղլիչյանը: Նա նախ ներկայացրեց օրենսդրական փաթեթի գաղափարախոսությունը` իրավաբանական անձանց կողմից իրենց արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած եւ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նույթերի եւ հումքի նկատմամբ ինքնահսկումը: Ըստ նախագծի ձեւակերմպման` ինքնահսկումը չափագրման եւ հաշվարկային մեթոդով կազմակերպության կողմից իր արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած աղտոտող նյութերի որակի ու քանակի դիտարկումներով շրջակա միջավայրի վիճակի բնապահպանական օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատման գործընթաց է: Ընդ որում, կազմակերպությունն իր միջոցներով է իրականացնելու այն եւ շրջակա միջավայրի վիճակի մասին հաշվտեվություններ է ներկայացնելու պետական լիազոր մարմնին, ինչպես նաեւ ապահովելու է տեղեկատվության մատչելիությունը հասարակության համար: Մասնագետների գնահատմամբ` այս մոտեցումը կկանխարգելի նաեւ
բնական ռեսուրսների գերշահագործումը: Օրենսդրական փաթեթում ամրագրված են այն չափորոշիչները եւ հիմքերը, որոնց առկայության պարագայում կազմակերպությունը պետք է իրականացնի ինքնահսկում: Տկն. Ղլիչյանի նախնական հաշվարկով` հանրապետությունում այդպիսի ընկերությունները երեսունն են, իսկ ցանկը հաստատելու է կառավարությունը: Օրինագծի ընդունման դեպքում` նրանց կտրվի երկու տարի ժամանակ` ինքնահսկման համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով: Լսումներին ներկա տնտեսավարողները մտահոգություն հայտնեցին, որ ինքնահսկումը լրացուցիչ պարտավորություն է իրենց համար, եւ որ վաղ է մեր հանարպետությունում այս համակարգը կիրառել: Ջրային ռեսուրսները տնօրինող կառույցների ներկայացուցիչներն էլ կարծիք հայտնեցին, որ ինքնահսկման ենթակա ընկերությունների ցանկում իրենց պետք է ներառեն միայն մաքրման կայաններ տեղադրելուց հետո: Նշենք, որ ինքնահսկման նորմերը չկատարելու կամ խախտելու համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն:
Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 11-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվեց: Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ...
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Ողջունելով դեսպանին` Արմեն Ռուստամյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների համանման հանձնաժողովների ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպանին
Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազորդ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գեր...