Հունվարի 26-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը /հրավիրյալի կարգավիճակով/ եւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը:
Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված էր նաեւ Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման վերաբերյալ հարցը: Քննարկման ընթացքում հանձնաժողովն անդրադարձավ ներկայացված առարկություններին, ըստ որոնց` Հայաստանի պատվիրակությունը ձեւավորվել է ընթացակարգային խախտումներով:
Քննարկելով խնդիրը եւ լսելով պատվիրակության անդամների ներկայացրած փաստարկները հանձնաժողովը որոշեց.
1.ԵԽԽՎ կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն` 2010 թվականի հունվարի 25-ին Հայաստանի պատվիրակության դեռեւս չհաստատված մանդատները վիճարկվել են կանոնակարգային հիմքերով, պատճառաբանելով, որ Հայաստանի խորհրդարանը ,արհեստականորեն շահարկել է /մանիպուլյացիայի է ենթարկել/ ներքին ընթացակարգերը Եվրոպական ժողովրդական կուսակցություն խմբի անդամին պատվիրակության կազմից հանելու համարե:
2.Կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը քննել է ներկայացված տարբեր առարկությունները եւ որոշել, որ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը նշանակվել է ԵԽ կանոնադրության հոդված 25-ին եւ ԵԽԽՎ կանոնակարգի հոդված 6-ին համապատասխան:
3.Հետեւաբար, հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մանդատները պետք է հաստատվեն:
4.Հանձնաժողովը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմության իրավունքների իրականացման իրավիճակը կարող է դիտարկվել վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի իշխանությունների հետ պարբերական երկխոսության շրջանակներում: Այս կապակցությամբ հանձնաժողովը վկայակոչում է ,Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների մասինե ԵԽԽՎ 1601(2008) բանաձեւը:
Հանձնաժողովն ուսումնասիրելով տիկին Փոստանջյանի կողմից ներկայացված գրավոր տեղեկանքը` զեկույցի բացատրական մասում /պարբերություն 18/ արձանագրել է. «Հանձնաժողովը գտնում է, որ տիկին Փոստանջյանը չի վկայակոչում օրենքի վրա հիմնված որեւէ հստակ հիմնավորում կամ փաստ, որը կհաստատեր իր այն պնդումը, որ պատվիրակությունը ձեւավորվել է օրենքի խախտումներով»:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի կարծիքը ընդունվել է միաձայն: