Տպել
01.02.2010
Ազգային ժողովի դռները բացվեցին Երեւանի դպրոցների բարձր դասարանցիների առջեւ
1 / 5

ԱԺ «Բաց դռների» ծրագրի շրջանակում փետրվարի 1-ին խորհրդարան էին այցելել Երեւանի տարբեր վարչական շրջանների դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներ: Յուրօրինակ այս բաց դասը նպատակ ունի բարձր դասարանցիներին ծանոթացնել օրենսդիր մարմնի աշխատանքին, կառուցվածքին, Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին: Աշակերտներին հնարավորություն տրվեց մասնակցել իրենց այցի պահին սկսված ԱԺ գարնանային նստաշրջանի բացման արարողությանը: Այնուհետ, երեխաների հետ ջերմ ու անկաշկանդ հանդիպում անցկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի նախագահը նրանց նախ հորդորեց լավ սովորել, լինել բազմակողմանի զարգացած, անընդհատ հարստացնել սեփական գիտելիքները: Նման միջոցառումներին ակտիվ մասնակցության շնորհիվ, ըստ Հովիկ Աբրահամյանի,  բարձր դասարանցիների մոտ կձեւավորվի պետական մտածողություն, այսօրվանից արդեն մատաղ սերունդը կմասնակցի պետության կայացման գործին:

Խորհրդարանի նախագահը խոսեց նաեւ «Բաց դռներ» ծրագրի մասին` տեղեկացնելով ներկաներին,  որ  մեկ տարի գործող այս նախաձեռնությամբ հանրության ամենալայն շրջանակների համար Ազգային ժողովն ավելի մատչելի եւ ըմբռնելի դարձելու փորձ է արվում:

ԱԺ նախագահը պատասխանեց խորհրդարան այցելած աշակերտների հարցերին: Դրանցից առաջինը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ դրա արդյունքում Հայաստանի հնարավոր ձեռքբերումներին: «Այսօր Վրաստանի տարածքով 250 միլիոն դոլարի ապրանք է ներկրվում Թուրքիայից Հայաստան, իսկ արտահանվում է շուրջ 1 միլիոն 500 հազար դոլարի ապրանք: Այսպես, թե այնպես, թուրքական ապրանքը մեր երկիր մտնում է, սակայն միջնորդավորված եւ մի քանի անգամ ավելի բարձր գնով»,- ասաց խորհրդարանի նախագահը, վստահություն հայտնելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Հայաստանի խորհրդարանի նախագահը վստահ է, որ դիվանագիտական ջանքերով այդ հարցն իր լուծումն անպայման կստանա:

Ե՞րբ վերջնականապես մեզ հրաժեշտ կտա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարցին ի պատասխան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ճգնաժամի հետեւանքով 2009թ-ին Հայաստանի տնտեսությունը 14.5% անկում է ունեցել, գնաճը կազմել է 6.5 %: Սրանք վատ ցուցանիշներ են, բայց այդ ընթացքում Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արեց երկիրը հնարավոր ցնցումներից հեռու պահելու համար: «Չհետաձգվեց ոչ մի սոցիալական ծրագիր», - շեշտեց պարոն Աբրահամյանը: Մեր երկրի կառավարությունն այս տարվա համար կանխատեսում է 1 % ֆինանսական աճ եւ ամեն ինչ արվելու է այդ կանխատեսումն իրականություն դարձնելու համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնց խորհրդարանի նախագահը պատասխանեց ամենայն մանրամասնությամբ եւ ջերմորեն: Երեխաների եւ իրենց կողմից խորհրդարանի նախագահին շնորհակալություն հայտնեցին դպրոցների տնօրենները, նաեւ խմբին խորհրդարանում ուղեկցող Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Ի դեպ, Երեւանի եւ մեր երկրի այլ քաղաքների ու գյուղերի դպրոցների բարձր դասարանցիների մասնակցությամբ այս կարգի բաց դասերը խորհրդարանում կանցկացվեն պարբերաբար` յուրաքանչյուր քառօրյայի ընթացքում:
 


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...