Տպել
01.02.2010
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամլո ասուլիսը
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 1-ի մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքներից:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար  Դավիթ Հարությունյանը անդրադարձավ վեհաժողովի նիստից առաջ EDP քաղաքական խմբի կողմից հայկական պատվիրակության լիազորությունների վիճարկման հարցին: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ վիճարկման հաջորդ օրը` հունվարի 26-ին, Կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, ներկայացվել են հայկական կողմի հիմնավորումները, վիճարկող կողմի տեղեկատվությունը, եւ որոշվել է, որ որեւէ խախտում պատվիրակության գործունեությունում եւ կազմում գոյություն չունի եւ միաձայն վերահաստատել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների  մանդատները:

Պատվիրակության ղեկավարը խոսեց նաեւ վեհաժողովի նախագահի ընտրությունների մասին: ԵԽԽՎ հինգ քաղաքական խմբերը պայմանավորվել են եւ ստորագրել քաղաքական համաձայնագիր` սահմանելով այն հերթականությունը, որ յուրաքանչյուր խումբ առաջարկելու է վեհաժողովի նախագահ: Վեհաժողովի պատմության ընթացքում չի եղել որեւէ դեպք, երբ քաղաքական պայմանավորվածությունները խախտվեն: Այս տարի եվրոպական դեմոկրատների (EDP) խմբի հերթն էր, որը ձայների մեծամասնությամբ առաջադրել է Մեվլութ Չավուշօղլուի թեկնածությունը, եւ այն ընդունվել է: «Մեր մամուլում հնչում է տեղեկատվություն, թե մեր պատվիրակությունը հնարավորություն ուներ արգելք հանդիսանալու Մեվլութ Չավուշօղլուի ընտրվելուն, սակայն դա չի արել եւ չի ստորագրել Զարուհի Փոստանջյանի կողմից պատրաստած նախաձեռնությունը: Սակայն վերոնշյալ նախաձեռնությունը որեւէ առնչություն չունի Չավուշօղլուի ընտվելու հետ, որովհետեւ այն ցուցաբերված է եղել այն ժամանակ, երբ արդեն որոշումը կայացած էր եւ EDP խումբն առաջարկել էր թեկնածությունը»,- մեկնաբանեց պարոն Հարությունյանը:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստին: Շատերը պատճառը կապում էին պատվիրակության լիազորությունների վիճարկման հետ, սակայն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հերքեց նման եզրահանգումները: Նա տեղեկացրեց, որ Եվրախորհրդի որոշմամբ այն երկրները, որոնք գտնվում են մոնիթորինգի տակ, հնարավորություն ունեն ներկայացված լինելու մոնիթորինգի հանձնաժողովում ոչ ավելի, քան երկու անդամով: Այդ երկու անդամների հարցը լուծում է ազգային պատվիրակությունը: «Մեզ մոտ դեռ նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Սակայն հարցին անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ բյուրոյի նիստում, եւ գաղտնի քվեարկությամբ ընտրել է այն երկուսին, ովքեր կկարողանան մասնակցել մոնիթորինգի հանձնաժողովի քննարկումներին»,- ասաց Հարությունյանը: Բյուրոյի որոշմամբ պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը հնարավորություն են ստացել մասնակցելու մոնիթորինգի հանձնաժողովի քննարկումներին:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն էլ հավելեց. «Երբ որոշվեց, որ ես եւ Դավիթ Հարությունյանը պետք է մասնակցենք հանձնաժողովի քննարկումներին, հարց բարձրացվեց, որ Զարուհի Փոստանջյանը եւս տեսակետներ ունի կապված մարտի 1-2-ի իրադարձությունների հետ, որոնք ցանկանում է ներկայացնել: Ես կողմ արտահայտվեցի` նշելով, որ եթե կա անհրաժեշտություն առանձին տեսակետ արտահայտելու, հատուկ գնահատականներ տալու կամ շեշտադրումներ կատարելու, ապա պետք է դրա առիթը տանք: Մոնիթորինգի հանձնաժողովը այդպիսի ընթացակարգ ունի, երբ հրավիրում է ոչ պատգամավոր անձի, եւ կոնկրետ հարցի վերաբերյալ անցկացվում են լսումներ»: Սակայն Արմեն Ռուստամյանի խոսքով` Զարուհի Փոստանջյանը ելույթն օգտագործել է ոչ  թե մարտի 1-2-ի իրադարձությունների գնահատականները ներկայացնելու համար, այլ իր ելույթը նվիրել է մոնիթորինգի հանձնաժողովում իր ներկայության անհրաժեշտության ապացուցմանը: Զարուհի Փոստանջյանը մեղադրանք է առաջադրել, թե պարոն Ռուստամյանը իր տեղն է զբաղեցնում պատվիրակության մեջ: «Ես տաս տարի է, ինչ աշխատում եմ ԵԽԽՎ-ում եւ միշտ եղել եմ հայկական կազմի մեջ, ուստի ես չէի կարող իրեն փոխարինել»,- պարզաբանեց Արմեն Ռուստամյանը:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ վեհաժողովի ընթացքում տեղահանված անձանց սեփականության իրավունքի վերաբերյալ զեկույցին ադրբեջանական պատվիրակը հատուկ կարծիք էր կցել` խեղաթյուրված փաստեր ներկայացնելով ԼՂՀ վերաբերյալ եւ խոսելով մեկ միլիոն փախստականների մասին: «Մենք անդրադարձանք այդ զեկույցին` նշելով, որ փաստերը խեղաթյուրված են: Ադրբեջանցիների զգալի մասը, ովքեր տեղահանվել են Հայաստանից, հայկական կողմից փոխհատուցում ստացել է եւ հնարավորություն է ունեցել իրենց սեփականությունը վաճառելու` ի տարբերություն Ադրբեջանում բնակվող հայերի, ովքեր պարզապես փախել են ադրբեջանցիների կողմից իրականացրած սպանդի պատճառով` թողնելով իրենց ողջ սեփականությունն ու առ այսօր չստանալով որեւիցե փոխհատուցում: ԵԽ պատվիրակներին, այդ թվում եւ ադրբեջանցի, մեր կողմից բաժանվել է 1990 թ. Բաքվի ջարդերի վերաբերյալ «Իրական ողբերգություն» եւ «21-րդ դարի վանդալներ» տեսաֆիլմերը, որտեղ վիդեոկադրեր են ներկայացված ադրբեջանցի զինծառայողների կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցներում խաչքարերի ոչնչացման վերաբերյալ»,–ասաց պատգամավորը: Հայկական պատվիրակությունը ընտրական համակարգի վերաբերյալ զեկույցը օգտագործել է` խոսելով ԼՂՀ-ում 7 համապետական ընտրությունների մասին, որոնք անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, եւ կոչ է արել ԵԽ-ին` չանտեսել ամռանը ԼՂՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունները: Անդրադառնալով «Հարգանք մամուլի ազատության նկատմամբ» զեկույցին, ուր բացասական անդրադարձ է եղել Հայաստանի վերաբերյալ, պատվիրակությունը կողմ է քվեարկել այդ զեկույցին` համոզված լինելով, որ զեկույցում արծարծված խնդիրները արժանի են ուշադրության եւ պետք է հետեւողական լինել այդ խնդիրները լուծելու հարցում:

Պատվիրակության անդամ Արծրունի Աղաջանյանը ելույթ է ունեցել կանանց իրավունքներին եւ լիազորություններին, քաղաքական կյանքում նրանց ներկայացվածությանը առնչվող քննարկումների ժամանակ: Նա ներկայացրել է կանանց ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:
 


01.02.2010
ՀՀ Ազգային ժողովն սկսեց չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը
Փետրվարի 1-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի բացումը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսուհետ Ազգային ժողովի` բաց դռների քաղաքականության շրջանակներում  քառօրյա  բոլոր նիստերից  առաջ  տարբեր մարզերի դպրո...

01.02.2010
Ազգային ժողովի դռները բացվեցին Երեւանի դպրոցների բարձր դասարանցիների առջեւ
ԱԺ «Բաց դռների» ծրագրի շրջանակում փետրվարի 1-ին խորհրդարան էին այցելել Երեւանի տարբեր վարչական շրջանների դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներ: Յուրօրինակ այս բաց դասը նպատակ ունի բարձր դասարանցիներին ծանոթացնել օրենսդիր մարմնի աշխատանքին, կառուցվածքին, Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին...

01.02.2010
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 1-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց  2009 թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ շրջանակային ֆինանսավորման»  համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագ...