Տպել
03.02.2010
Գենդերային հարցերով միջազգային փորձագետը Ազգային ժողովում
1 / 2

 

ՀՀ Ազգային ժողովի եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջեւ 2009 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված գենդերային հարցերով փոխըմբռնման հուշագրի շրջանակներում փետրվարի 3-ին ԱԺ-ում էր գտնվում Շոտլանդիայի պահպանողական կուսակցության անդամ, Եվրամիության ներքո գործող Կանանց եվրոպական լոբբի կազմակերպության ներկայացուցիչ, Բրիտանական խորհրդի միջազգային փորձագետ Մարշա Սքոթը։

Մարշա Սքոթին ընդունեց  Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում տիկին Պետրոսյանը տեղեկացրեց օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածության, գենդերային հարցերի վերաբերյալ ԱԺ մոտեցումների, օրենսդրական լուծումների եւ նախաձեռնությունների, Բրիտանական խորհրդի հետ իրականացվող համագործակցության մասին: Կողմերը քննարկեցին հավասար           հնարավորությունների քաղաքականությանը, հասարակական եւ քաղաքական կյանքում կանանց դերի բարելավմանը, ՀՀ ԱԺ-ում կանանց հարցերով ստեղծվելիք խորհրդին, գենդերային հարցերով բյուջետային արդյունավետ գործընթացներ վարելուն եւ այդ ոլորտում միջազգային առաջավոր փորձին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը:

Նույն օրը տիկին Սքոթը հանդիպեց նաեւ ԱԺ կին պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում միջազգային փորձագետը ներկայացրեց Շոտլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի` կանանց հարցերով միջկուսակցական խմբերի եւ հավասար հնարավորությունների հանձնաժողովների փորձը, գենդերային բյուջետավորման, գենդերային հավասարության ոլորտում միջազգային պրակտիկային առնչվող այլ հարցեր: Ծավալվեցին ակտիվ քննարկումներ:

Տկն. Սքոթին ընդունեցին նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում` քննարկելով գենդերային օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ԱԺ եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրված գենդերային հարցերով փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումները  շարունակվում են: