Տպել
05.02.2010
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
1 / 2

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն  Ջաթինդեր Չիման ստորագրեցին փոխըմբռնան հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին  ԱԺ աշխատակազմի ղեկավարը, պատգամավորներ, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը, հյուրեր:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փաստաթղթի ստորագրման կապակցությամբ  ասաց. 

«Հարգելի տիկին դեսպան,

Հարգելի գործընկերներ, 
 
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Ուրախ եմ հատկապես մեր ամերիկացի գործընկերներին ասել. «Բարի գալուստ Հայաստանի խորհրդարան»:

Այս հանդիպումը նշանավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների նոր համագործակցության սկիզբը: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրությամբ այդ համագործակցությանը տրվում է նոր մեկնարկ, սկզբնավորվում են նոր ծրագրեր: Մեր համագործակցության նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախությունը, հզորացնել մեր երկրի օրենսդիր իշխանության կարողությունները:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր գործընկերներից մեկն է: Մեր երկրի անկախության առաջին իսկ օրերից զգացել ենք Միացյալ Նահանգների ուշադրությունը եւ հոգատարությունը մեր երկրի նկատմամբ: Մենք երախտապարտ ենք ամերիկյան ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերվող այդ օգնության համար:

Նրանք, ովքեր խորությամբ ծանոթ չեն պատմությանը երբեմն զարմանք են արտահայտում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: Սակայն դրանում որեւէ զարմանալու բան չկա: Մեր երկու երկրները կապում է մի հզոր կամուրջ` ամերիկահայ համայնքը, որը մեր ընդհանուր հպարտության առարկան է: Ամերիկահայերի բարի համբավը, նրանց մի շարք սերունդների ազնիվ աշխատանքն իրենց նոր հայրենիքում, նրանց համախմբվածությունը այն կապիտալն է, որը հարստացնում է մեր երկու բարեկամ ժողովուրդներին:

Այնուամենայնիվ, շատ պարզունակ կլիներ բացատրել մեր երկրների հարաբերությունները միայն ամերիկահայ համայնքի գոյությամբ: Ոչ պակաս կարեւոր է այն, որ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ շահերի հիման վրա: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ հարգանքը մեր անկախության եւ ինքնիշխանության նկատմամբ: Այդ հարգանքը փոխադարձ է, եւ մեր համագործակցությունը խարսխված է մեր երկու պետությունների իրավահավասարության վրա: Դրա շնորհիվ է, որ մեր երկու երկրները համադրել են իրենց ջանքերը մեր տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար: Ջանքեր, որոնք համադրվում են ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ավելի հեռավոր Կոսովոյում, իսկ շուտով նաեւ` Աֆղանստանում: 
  
Հարգելի տիկնայք եւ պարոնայք, 
  
Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ կնքվող Փոխըմբռնման հուշագրի ստորագրությամբ կարող ենք ազդարարել մեր նոր համագործակցության սկիզբը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինչպես ամերիկյան, այդպես էլ հայկական կողմից ներգրավված բոլոր այն մասնագետներին, ում աշխատանքի շնորհիվ տեղի է ունենում այս հանդիսավար արարողությունը:

Վստահ եմ, որ մեր այս նոր համագործակցությունը կլինի արդյունավետ, իսկ դրա արգասիքը շատ կարճ ժամանակահատվածում կլինի տեսանելի եւ շոշափելի բոլորիս համար»: 
 
Տկն. Ջաթինդեր Չիմանը  եւս  հուշագրի ստորագրումը համարեց նշանակալի իրադարձություն` համարելով այն ջանքերը համատեղելու եւ կառավարման կարեւոր օղակներից մեկը` օրենսդիր մարմինն ավելի  հզորացնելու լավ հնարավորություն: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ արդյունավետ եւ թափանցիկ գործող խորհրդարանում ծնվում են բարձրորակ օրենքներ` դրանով իսկ պաշտպանելով քաղաքացիների շահերը: Գործակալության ներկայացուցիչը նկատելի եւ տպավորիչ համարեց վերջին տարիներին խորհրդարանի կատարած`  թափանցիկությունն ու մատչելիությունն ավելացնելուն ուղղված քայլերը:  Որպես ձեռքբերումներ նա առանձնացրեց  խորհրդարանի ինտերնետային  կայքը, որը շատ այցելուներ ունի, ինչպես նաեւ հաճախակի հանրային լսումներ կազմակերպելու եւ քաղաքացիական հասարակությանը քննարկումներին ներգրավելու ավանդույթը:

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչը  գոհունակություն հայտնեց ծրագրին ամերիկյան կողմի մասնակցության առիթով` նշելով, որ ցանկացած հզոր եւ անկախ երկրի համար խորհրդարանը հիմնասյուն է հանդիսանում: Դեսպանը խորհրդարանի եւ ամերիկյան գործակալության միջեւ ակնկալում   է  արդյունավետ  համագործակցություն եւ դրական արդյունքներ:

Ստորագրված հուշագիրը հաստատում է երկու կողմերի համագործակցության պատրաստակամությունը եւ նպատակ ունի բարձրացնել օրենսդիր իշխանության դերը եւ զարգացնել խորհրդարանի կարողությունները: Փաստաթղթով նախատեսվում է իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, զարգացնել Ազգային ժողովի տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական եւ հետազոտական հնարավորությունները, կատարելագործել խորհրդարանի վերահսկողական գործառույթը,  պատգամավորներին եւ աշխատակազմին միջազգային փորձն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել:

Հուշագրով սահմանված նպատակները եւ միջոցառումները իրագործելու համար նախատեսվում է ձեւավորել աշխատանքային խումբ:
 


05.02.2010
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը կանցնի այլ աշխատանքի
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ առիթով պարոն Պետրոսյանն ասաց. «Անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` անցած ժամանակաշրջանում իր ղեկավարությամբ...

05.02.2010
ՀՀ ԱԺ նախագահը ընդհանուր բժշկական զննում է անցնելու
Փետրվարի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Գերմանիա` ընդհանուր բժշկական զննում անցնելու նպատակով:...

05.02.2010
Խորհրդարանական ճեպազրույցները
Փետրվարի 5-ին լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին քառօրյայի աշխատանքներին, բուռն քննարկումների թեմա դարձած «Հարկերի մասին» օրենսդրական փաթեթին, ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին հայկական պ...

05.02.2010
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ հարավկորեական ընկերության ներկայացուցիչը ստորագրեցին համաձայնագիր
Փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի եւ հարավկորեական Ջի-Էս Ինջինիրինգ ընդ Քոնսթրաքշեն կորպորացիայի միջեւ, ի դեմս ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ կորեական ընկերության նախագահի տեղակալ Սունգ Կի Չոյի, կնքվեց համաձայնագիր, ըստ որի` կորեական ընկերությունը պատ...

05.02.2010
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 5-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Եվրախորհրդին կից գործող կանանց լոբբի ներկայացուցիչ Մարշա Սքոթին եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանին: Տիկին Զոհրաբյանը հյուրերին տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել...

05.02.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին 2009թ. ապրիլի ...