Տպել
17.02.2010
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 17-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Օբատա Մասատակային:

Պարոն Մասատական հետաքրքրված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացով:

Ողջունելով հյուրին` Արմեն Ռուստամյանը, համագործակցության պատրաստակամություն հայտնելով, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կնպաստեն հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների բարելավմանը: Տեղեկացվեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից խորհրդարանում շրջանառության մեջ են դրվել հայ-թուրքական արձանագրությունները, որոնց քննարկման համար գլխադասային է նշանակվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Այս համատեքստում Արմեն Ռուստամյանը տեղեկություններ հաղորդեց Հայաստանի խորհրդարանում պայմանագրերի վավերացման գործընթացի վերաբերյալ: Նա իրազեկեց, որ իր գլխավորած հանձնաժողովը հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ 2009 թ. հոկտեմբերի 1-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Նշվեց, որ ելնելով հարցի քաղաքական եւ հասարակական հնչեղությունից` կրկին կկազմակերպվեն ընդլայնված քննարկումներ, որոնց ձեւաչափը կճշգրտվի առաջիկայում: Որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ` պարոն Ռուստամյանը մտահոգություն հայտնեց ստորագրված փաստաթղթում տեղ գտած ձեւակերպումների վերաբերյալ` նշելով, որ ՀՅԴ-ն կողմ կլինի արձանագրությունների վավերացմանը, եթե դրանցում արվեն որոշակի ճշգրտումներ: Նրա համոզմամբ` արձանագրությունները բացառապես պետք է միտված լինեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը:

Հանդիպմանը քննարկվեցին ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող այլ հարցեր եւս: